Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն (Նարեկ Կարապետյանը-խմբ.) «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը»:

Իրավապահների հաղորդմամբ՝ նա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը:

Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը), հայտնում է Քննչական կոմիտեն:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր սոցցանցի էջում մի փաստաթուղթ է տեղադրել՝ հարցնելով՝ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի: Փաստաթղթի ծագումը հասկանալի չէ ու պարզ չէ նաև, թե այն ինչպես է հայտնվել Սիմոնյանի ձեռքի տակ:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց դիմեց Սիմոնյանին, թե «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք» – «Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում», – պնդեց նա:

Հայաստանյան օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձին պատգամավորի թեկնածու լինել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment