ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո իրենց են դիմել Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչները եւ առաջարկներ ներկայացրել: Դրանք քննարկվել են հանձնաժողովում, որից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Արդյունքում այս փուլում համաձայնություն է ձեռք բերվել:
Առաջին ընթերցումից հետո պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել: 14 առաջարկ ներկայացրել է գործադիրը, առաջարկներ եղել են նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից: Հիմնական առաջարկները եղել են տեխնիկական:
Լիլյա Սիրականյանը խոսել է բովանդակային երեք առաջարկների մասին: Ըստ այդմ՝ ամրագրվել է տեղական ինքնակառավարման մարմնի եւ պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ ներդրողին պատճառված վնասի փոխհատուցման իրավունքը: Նախագծից հանվել են ազգային ռեժիմը կամ առավել բարենպաստության ռեժիմը չկիրառելու դեպքերը եւ կարգը Կառավարության հայեցողությանը թողնելու հանգամանքը՝ հաշվի առնելով այն, որ իրավական որոշակիության տեսանկյունից կարող է խնդրահարույց լինել: Լրացվել է դրույթ, որով ներդրողներին հնարավորություն է տրվում օգտվելու ոչ միայն օրենքում զետեղված իրավունքներից եւ դրանց պաշտպանությունից, այլ նաեւ որեւէ այլ օրենքով եւ իրավական ակտով սահմանված պաշտպանության բոլոր մնացած գործիքներից:
Քննարկված երկրորդ հարցը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: «Օդային փոխադրումներ իրականացնողների եւ օդանավ շահագործողների համար ուղեւորների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի եւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո ներկայացված տեխնիկական 6 առաջարկներն ընդունվել են:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Համլետ Սահակյանը քննարկման է ներկայացրել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը:
Մի շարք խմբագրական փոփոխություններ են կատարվել՝ կապված տերմինների համարակալումների հետ: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է մաքսային ստուգմամբ փաստաթղթերի առձեռն հանձնման դեպքին, երբ հարկ վճարողը կամ պատասխանատու անձը կհրաժարվի ստորագրել հանձնարարագրի ստացումը: Այդ դեպքում հանձնարարագրի վրա նշում կկատարվի հրաժարվելու վերաբերյալ: Մյուս փոփոխությամբ էլ նույն անձանց նկատմամբ նույն հաշվետու ժամանակաշրջանում ստուգում կարող է իրականացվել, եթե օրենսդրությամբ սահմանված դեպքերում այդ վարույթի շրջանակում կամ դրանց արդյունքում ծագել է նախկինում չստուգված հանգամանքները ստուգելու անհրաժեշտություն: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե իրականացվել է քրեական վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա: Մնացած այլ դեպքերում ուղղակի չի թույլատրվում նույն դեպքով լրացուցիչ ստուգում իրականացնել:
Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը: