Ռուսաստան-Ուկրաինա. փոխադարձ հարվածներ — Հայաստանի Հանրային Ռադիո

Անցած շաբաթ Կիևում սուգ էր

Ռուսները և ուկրաինացիները շարունակում եմ միմյանց օդային հարվածներ հասցնել: Զինամթերքի եթե ոչ որակական, ապա առնվազն քանակական առավելություն ունեցող ռուսները գերադասում են հրթիռներով և ԱԹՍ-ներով երկու-երեք օր շարունակ հարվածել Ուկրաինայի էներգետիկ հիմնարկներին և բնակելի թաղամասերին:

Անցած շաբաթ նման սարսափազդու օդային գրոհի հետևանքով Կիևում ավերվել է մի 9-ը հարկանի շենք, զոհվել է առնվազն 24 բնակիչ, այդ թվում երեխաներ: Ուկրաինայի մայրաքաղաքում սուգ էր հայտարարվել: Ողբերգությունը վերապրած և հարազատներին կորցրած մարդկանց այլցելել է Ուկրաինայում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասաշի Նակագոնեն:

«Շատ կարևոր է գալ այստեղ և սեփական աչքերով տեսնել, փոխանցել ձեզ ուղերձն առ այն, որ Ճապոնիան Ուկրաինայի հետ է»,- ասել է դեսպանը:

Հարսանիքի փոխարեն թաղում

Զոհերից մեկը Մարինա Հոմենյուկն էր, անգլերենի ուսուցչուհի, հեռախոսային հավելվածով ծանոթացել է նախկին հոկեիստ Յուրի Օրլովի հետ, ծանոթությունը վերաճել է սիրո, Մարինան և Յուրին մտադիր էին ամուսնանալ, ասել էին այդ մասին բարեկամներին, բայց, ավաղ, հրթիռի հարվածով այդ գեղեցիկ պատմությունը ողբերգական ավարտ ունեցավ, շատ է տանջվում Մարինայի ընկերուհին՝ Օլեսյա Յուխնովիչը:

«Նա հրաշալի մարդ էր, ահավոր է, որ ես պետք է օգնեի նրան պատրաստվել հարսանիքին, բայց հիմա պետք է օգնեմ նրան հողին հանձնելուն, սարսափելի է, այսքան ջահել, կարող անձնավորություն, շատ տխուր է, հնարավոր չէ նկարագրել, առ այս պահը չեմ կարողանում ըմբռնել, որ նա էլ չկա»,- ասել է Յուխնովիչը:

Մինչդեռ, ուկրաինական կողմն էլ իր ուժերի սահմաններում է փորձում հարվածներ հասցնել: Բջջայինով կատարված տեսագրությունն ուղեկցվում է հայհոյանքով, որը, թերևս, նյարդային լարվածության դրսևորում է:

Ուկրաինական դրոնը կեզ հազար կիլոմետր է անցել և հարվածել է ռուսական թիրախին
Ուկրաինական դրոնի հարվածից զոհվել է առնվազն 4 մարդ, ինչպես միշտ, նախևառաջ տուժում են անմեղ քաղաքացիական անձինք: Մոսկվայից ոչ հեռու գտնվող Խիմկիում սպանվել է մի կին, բուն Մոսկվայում առնվազն 12 մարդ է վիրավորվել: Նրանց մեծ մասը հարվածի է ենթարկվել նավթամշակման գործարանի մուտքի մոտ: Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել է 556 ուկրաինական անօդաչու, դրանցից 81-ի թիրախը Մոսկվան էր: Ապա ռուսները հաղորդել են, որ 24 ժամվա ընթացքում ավելի քան հազար ուկրաինական դրոն են վնասազերծել:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին գովեստով է խոսել Ուկրաինայի պաշտպանության նախարարության, անվտանգության ծառայության և հետախուզության իրականացրած գործողության մասին:

«Թիրախների հեռավորությունն այս անգամ ավելի քան 500 կիլոմետր էր, ինչը կարևոր է, քանի որ Մոսկվայի մարզը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերով ամենաշատ հագեցած տարածքն է։ Նրանք ամենաշատն են պաշտպանում իրենց ուժային կենտրոնը։ Բայց ուկրաինական հեռահար հնարավորություններն արդեն հաղթահարում են դա»,- ասել է Զելենսկին։

Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի 1545-րդ օրն է, Հայրենական մեծ պատերազմը տևել է 1418 օր:

Leave a Comment