Ռուսաստանի համար տրիբունալը և ՌԴ «ուկրաինական» նարատիվները Հայաստանի համար

Միջազգային մամուլը վերջին շրջանում հաճախ է անդրադառնում հայաստանյան ընտրություններին։ Օրերս նաև հրապարակում եղավ, որ ռուսական համարվող «Մատրյոշկա» բոտային ցանցը շարունակում է արշավը, ընդ որում, ըստ որոշ գնահատումների, Հայաստանի հանդեպ ավելի մասշտաբային, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրությունների ժամանակ։ Իսկ հայ վերլուծաբաններն արձանագրում են, որ հայաստանյան ընտրություններից այս մեկին ամենամեծ  այսպես ասած «աշխարհաքաղաքական» նշանակությունն է տրվում։

36 երկիր, այդ թվում՝ ԵՄ մի շարք երկրներ, մտադիր են միանալ ստեղծվելիք  հատուկ տրիբունալին, որը կքննի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։ Նման կառույց ստեղծելու որոշումը կայացրել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն։

Քանի որ Ռուսաստանը չի ընդունել Հռոմի կանոնադրությունը, ուստի Հաագայի Միջազգային քրեական դատարանը չի կարող Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը հետապնդել Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար։ Այդ պատճառով է դեռ անցյալ տարի որոշվել առանձին դատարան ստեղծել, որը քննի ոչ թե պատերազմական հանցագործությունների, այլ հենց զինված ագրեսիայի մեղադրանքները:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անհրաժեշտ է համարել ֆինանսավորման արագ  քայլեր ձեռնարկել, որ դատարանը սկսի գործել։ «Մոտենում է այն ժամանակը, որ Ռուսաստանը պատասխանատվություն կրի իր ագրեսիայի համար»,- հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։ Նիդերլանդները համաձայնել է Հաագայում հյուրընկալել դատարանի աշխատանքի «սկզբնական փուլը»։

Սա Հայաստանի համար ուշագրավ է նրանով, որ առաջիկա ընտրությունները  դիտարկվում են աշխարհաքաղաքական տարբեր հարցերի համատեքստում։ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյան․

«Այս ընտրությունները, կարծես, Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհաքաղաքականացված ընտրություններն են։ Դա նշանակում է, որ և՛ բոլոր ներքին հիմնական դերակատարներն ունեն արտաքին քաղաքական նախապատվություններ, նաև բոլոր արտաքին խաղացողները, որոնք ներկա են Հարավային Կովկասում, ներգրավված են Հարավային Կովկասի գործընթացներում, ունեն իրենց նախապատվությունները արդեն այս քաղաքական էլեկտորալ գործընթացում։ Ե՛վ Հայաստանի ներսում, և՛ Հայաստանի դրսում բոլորը այս ընտրություններին նայում են այդ աշխարհաքաղաքական ակնոցներով»։

Քաղաքագետը նկատել է, որ Հայաստանին Ռուսաստանից վերջին շրջանում ուղղվում է այնպիսի խոսույթ, որը ռուսական քարոզչամեքենան օգտագործել է Ուկրաինայի հետ հարաբերությունների սրման սկզբում։ Դրանց շարքում Գրիգորյանը դիտարկում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այսպես ասած զգուշացումները և ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու որոշումը հանրաքվեով կայացնելու մասին ՌԴ-ից հնչած հայտարարությունը։

«Եթե մենք ուշադիր հետևենք ռուսական խոսույթին, կտեսնենք, որ վերջին տարիներին, հատկապես, երբ խնդիրներ առաջացան, մշտապես շեշտը դրվում է հայ ժողովրդի, հասարակության հետ երկխոսության, շփումների վրա։ Նշվում է այդ բազմադարյա բարեկամության նարատիվըկարևոր չէ, թե՝ ով է իշխանություն, հարաբերությունները կառուցում ենք հայ ժողովրդի հետ։ Ու այս նարատիվը, հիշեցնեմ,  նաև օգտագործվում էր Ուկրաինայի դեպքում, նույնիսկ մինչև Ղրիմի անեքսիան։  Ուկրաինայում խոսում էին, օրինակ, ՆԱՏՕ-ում անդամակցության  կամ ԵՄ անդամակցության վերաբերյալ։ Ռուսական քարոզչական նարատիվն այն էր, որ կա մի իշխանություն, որը հակադրվում է ուկրաինական հասարակության ցանկությանը, որ ուկրաինական հասարակությունը ցանկանում է ավելի սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը, և այդ իշխանությունները մեծ հաշվով հակադրվում են սեփական ժողովրդի կամքին»։  

Այսօրինակ շեշտադրումներ կան նաև ռուսալեզու, բայց ՌԴ-ից դուրս տպագրվող ու ՌԴ-ում անցանկալի լրատվամիջոց համարվող Meduza-ի վերջին հրապարակումներից մեկում։ Պարբերականն իր աղբյուրներին հղումով գրում է , որ ռուսական կրեմլամետ «Մատրյոշկա» բոտային ցանցն ընտրություններից առաջ արշավ է սկսել Հայաստանի իշխանության դեմ, և այդ արշավն ամենամեծն է 2025-ին Մոլդովայի ընտրություններից ի վեր։ Մայիսի սկզբին, ըստ «Блокировщик ботов» նախագծի, կրեմլամետ բոտերի ցանցը հրապարակել է 343 ենթադրյալ կեղծ տեսանյութ։ «Մատրյոշկա» արշավը Հայաստանի դեմ սկսվել է բավականին վաղ։ Առաջին հրապարակումները հայտնվել են հունիսի 7-ի ընտրություններից 243 օր առաջ։ Մոլդովայում արշավը սկսվել է 168 օր առաջ, իսկ ԱՄՆ-ում՝ 113 օր առաջ։

Այս գործիքները, ըստ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի, այլևս ցանկալի արդյունք չեն տալիս։

«Վերջին շրջանում ես նկատել եմ, որ ռուսները, Կրեմլը, Մոսկվան, կարծես թե չի հասկանում, թե ինչ փոփոխություններ է տեղի ունեցել Հայաստանի հանրային կարծիքի հետ։ Ռուսաստանի պարագայում, երբ, օրինակ, նույն Ռուսաստանի նախագահը բացեիբաց խոսում էր պրոռուսական ուժերի մասին և ակնարկում էր, թե ում նկատի ուներ, նրանք, ամենայն հավանականությամբ, մտածում էին, որ դա դրական ինչ-որ գործոն է լինելու այդ ուժի քարոզարշավի ընթացքում։ Բայց իրավիճակը Հայաստանում փոխվել է։ Եթե 10 տարի առաջ, 15 տարի առաջ բոլոր քաղաքական ուժերը անխտիր ցանկանում էին, որպեսզի լինի այնպիսի պատկերացում կամ ընկալում հանրության մոտ, որ նրանք ունեն Ռուսաստանի աջակցությունը, հիմա եթե ցանկանում ես ինչ-որ մեկին սևացնել, նշում են, որ այդ ուժը կապակցված է Ռուսաստանի հետ»։

Հայաստանի ընտրություններից առաջ ապատեղեկատվությունը տարածվում է ոչ թե անընդհատ, այլ ալիքներով՝ նկատում է Meduza-ն: Վերջին ալիքը մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ էր, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս ցանցը գեներացնում է կեղծ բովանդակություն անգամ Հայաստանի և Ռուսաստանի միջև հնարավոր ռազմական հակամարտության մասին։ 

Իսկ մայիսի 9-ին շվեդական Blankspot-ը հայտնել էր, որ ռուսական հատուկ ծառայության աշխատակցի էլեկտրոնային փոստի կոտրված հաշվի միջոցով հայտնաբերվել է փաստաթուղթ, որը մանրամասն նկարագրում է Հայաստանում ընտրությունների վրա ազդեցության արշավի Կրեմլի ծրագիրը։ Փաստաթղթից ենթադրվում է, որ Ռուսաստանի նպատակն է նվազեցնել գործող իշխանության արդյունքները ընտրություններին։ Դրան հասնելու համար առաջարկվում է եռապատկել ռուսամետ բովանդակության հասանելիությունը՝ օրական մեկ-ից երեք միլիոն դիտման հասցնելով։

Ընտրություններին պատրաստվող ուժերը այս ընթացքում կոչ են անում ու անգամ միմյանց հորդորում սպասել իրական քաղաքականության արդյունքներին ընտրություններից հետո։  

Leave a Comment