Տևական ընդմիջումից հետո երևանյան համերգասրահ է վերադառնում «Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» բացառիկ նախագիծը, որն իր շուրջ է համախմբել հայ և օտարազգի բարձրակարգ երաժիշտների։ Հայաստան են ժամանել տաղանդավոր և բազմավաստակ դաշնակահարներ Վարդան Օվսեփյանը (ԱՄՆ/Հայաստան), Մարիո Լաժինյան (Պորտուգալիա), Կրիստիան Ռանդալուն (Էստոնիա), որոնք Երևանում հանդես կգան յուրահատուկ համերգային ծրագրով։ Մայիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Երեք ջազ դաշնակահար՝ մեկ բեմում» բացառիկ համերգը, որի շրջանակում նրանք կկատարեն ականավոր կոմպոզիտորների գործեր՝ ջազային մեկնաբանությամբ։
Տարբեր երաժշտական մտածողություն ու ձեռագիր ունեցող արվեստագետներին մեկ բեմում միավորել է ջազը։ Բեմում հանդիսատեսը տարբեր սերունդների ներկայացուցիչների է տեսնելու։ Մարիո Լաժինյան ավագ սերնդից է։ Նա Պորտուգալիայում հայտնի երաժիշտ է, Կրիստիան Ռանդալուն Էստոնիայում է մեծ ճանաչում վայելում։ Նա ևս ավագ սերնդից է և տեղի ջազի ամենակարկառուն դեմքերից է։
Վարդան Օվսեփյանը ժամանակակից ջազի ամենաազդեցիկ հայ երաժիշտներից է ԱՄՆ-ում։ Կրթություն ստանալով Երևանի կոնսերվատորիայում, Էստոնիայի երաժշտական ակադեմիայում նա ստեղծել է իր ուրույն երաժշտական լեզուն։ Նրա ոճը հաճախ անվանում են «ինտելեկտուալ ջազ»։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Վարդան Օվսեփյանը նշեց, թեև երեք դաշնամուրով համերգները աշխարհում վաղուց ընդունված ձևաչափ է, բայց հայաստանյան իրականությունում նորություն են։
«Գաղափարի հեղինակը Թովմաս Մարտիրոսյանն է, և սա յուրահատուկ նախագիծ է։ Իսկ երկու երաժիշտներն էլ դասական դպրոցի ներկայացուցիչներ են։ Հարուստ ճանապարհ են անցել»։
Վարդան Օվսեփյանը խոստովանում է,ո Մարիո Լաժինյան իր հերոսն է։ Փոքր հասակից է լսել նրա երաժշտությունը, իսկ Կրիստիան Ռանդալուի երաժշտությունն էլ բարձր է գնահատում։
«Մարիոյի կոմպոզիցիոն լեզուն շատ ուժեղ է. նա մի նախագիծ ունի երգչուհու հետ, որը մեծ ազդեցություն է ունեցել իմ «Ֆրակտալ սահման» նախագծի վրա, որի շրջանակում հանդես եմ գալիս երգչուհի Տատյանա Պառայի հետ։ Հնարավոր է՝ այդ նախագծով հուլիսին ներկայանանք Երևանում»,-ասաց Օվսեփյանը։
Երկու երաժիշտներն էլ առաջին անգամ են հյուրընկալվում Հայաստանում։

Մարիո Լաժինյան հասցրել է այցելել Մատենադարան։ Հիացած է մեր մշակութային արժեքներով, պատմությամբ ու բացառիկ ձեռագրերով։
«Ծանոթ եմ հայկական երաժշտությանը, Վարդանի երաժշտությանը։ Նա զարմանալի դաշնակահար է, հստակ ընդգծված ձեռագիր ունի, որը ճանաչում ես ամեն տեղ։ Ցանկանում եմ ավելին իմանալ Հայաստանի մասին։ Ինձ դուր է գալիս ճանաչել այն մշակույթները, որոնք էականորեն տարբերվում են իմ մշակույթից»,-ասաց դաշնակահարը։
Կրիստիան Ռանդալույի համար այս համերգը յուրահատուկ է։
«Ծնողներս դասական երաժիշտներ են, դաշնակահարներ, և ջազն ինձ համար իմ սեփական երաժշտությունն արարելու, ստեղծագործելու հնարավորություն է, և այն միայն ազատության, իմպրովիզացիայի մասին չէ, այլև յուրահատուկ բան ստեղծելու, նոր ընտրություն կատարելու միջոց։ Իսկ այս համերգին մենք փոխանակվելու ենք երաժշտությամբ, և ինձ գրավում է մեր կատարած ընտրությունը՝ ծրագիրը, որը մոտիվացնում է»,-նշեց նա։
Իսկ հնարավոր է՝ հանդիսատեսն ականատես լինի երեք երաժշտի այսպես ասած մենամարտի, Ռանդալուն ժպտում է ու նշում․ իրենք, մենամարտ չեն փնտրում։

Մայիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում պասվող համերգին կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլոց գործերը, ինչպես նաև Վարդան Օվսեփյանի ստեղծագործություններից մի քանիսը։