Մոռացված էթիկան ընտրապայքարում․ քարոզարշավ ոչ թե ծրագրերի, այլ վիրավորանքի մասին

Խորհրդարանական ընտրությունների քարոզաշավի 7-րդ օրն աչքի է ընկել «ոչ ընտրական» իրադարձություններով և հայտարարություններով։ Քաղաքական ուժերն իրենց քարոզի զգալի մասը հատկացնում են ոչ թե ընտրողին ծրագրային դրույթներ ներկայացնելուն, այլ մրցակից ուժերին վատաբանելուն։

Ընդ որում՝ ընտրության մթնոլորտը խաթարող բառամթերքն ու գործելաոճն առաջինը դատապարտում են հենց ընտրապայքարի մեջ մտած ուժերը։ Իրավիճակին արձագանքել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Նախընտրական քարոզչության ընթացքում ընդդիմության հիմնական թեզերից մեկը կառավարող թիմը համարում է փակված։ Խոսքը 300 հզր ադրբեջանցիների վերադարձի մասին է։ Թեև այդ թեման ընդդիմությունն ակտիվորեն շրջանառում է քաղաքացիների հետ հանդիպումներում, բայց Արմավիրի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչության ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է․

«Մեր օրակարգում, Ադրբեջանի հետ հարաբերությունների և ընդհանրապես մեր միջազգային օրակարգում, Հայաստանի օրակարգում նման հարց երբեք չի եղել։ Այդ մարդիկ այսօր միլիոնավոր դոլարներ են ծախսում, որ այդ օրակարգը ստեղծեն, ներմուծեն Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանք։ Այսպես գործում են միայն օտարերկրյա լրտեսները»։   

Փաշինյանն այս հայտարարությունն արել է ընտրապայքարի մեջ մտած կոնկրետ քաղաքական ուժերի և դրանց ղեկավարների հասցեին, որոնց մասին խոսելիս նա օգտագործում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն» ձևակերպումը։ Սակայն դատարան վարչապետը դիմել է բոլորովին այլ հարցով։ Հալյուցինոգեն չինական սնկերի մասին «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը դարձավ այս ընտրություններում մրցակցող գործիչների միջև առաջին դատական հայցի պատճառը։ Բացի հերքումից՝ Փաշինյանը պահանջում է Կարապետյանից բռնագանձել նաև 6 մլն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի ընդունվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթ։

Մրցակիցների այս քայլին «Ուժեղ Հայաստան»-ից չեն արձագանքել։ Փոխարենը այդ քաղաքական ուժը շարունակել է իր քարոզչությունը Սևանում։ Նախընտրական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Արամ Վարդևանյանը իրավունքի գերակայության մասին խոսելիս այլ հարց է կարևորել։

«Իհարկե, Հայաստանում ամենակարևորը պետք է լինի իրապես իրավական պետության երաշխավորում, քաղաքական հետապնդումների էջը պետք է թողնվի անցյալում, իրավունքը պետք է գերակայի բոլոր դեպքերում, և, իհարկե, մարդասիրությունը պետք է լինի անսակարկելի արժեք։ Հենց դրա համար նաև պետք է Հայաստանում տեղի ունենա համաներում, ներքին համերաշխություն և համախմբում»։   

Քարոզարշավի 8-րդ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար առիթ էր՝ ամփոփելու քարոզարշավի մեկ շաբաթվա աշխատանքը։ Քարոզչության նախորդ օրերը սրել են մի շարք ուժերի հարաբերությունները։ Օրինակ՝ ՔՊ-ԲՀԿ հեռակա բանավեճը դուրս է եկել ծրագրային դրույթներից, և քննադատությունը տեղափոխվել է անձնական դաշտ։ Մասնավորապես՝ խոսվել է Հայաստանում հետախուզման մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանի որդուն վերադարձնելու անհրաժեշտության և նրա դեմ հարուցված գործի մասին։ Կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հիշեցնում է մինչև այս՝ քաղաքական դաշտում գործող չգրված կանոնը․

«Դեռևս 90-ական թվականներից բոլորը կհիշեն, որ եղել է չգրված կանոն, լուռ օրենք, որ անկախ քաղաքական տարաձայնություններից, անկախ առկա խնդիրներից, քաղաքական ուժերի կամ առաջնորդների մեջ երբևէ քաղաքական բանավեճը քաղաքական ուժերի կամ ներկայացուցիչների կողմից չի տեղափոխվել անձնական դաշտ, չի տեղափոխվել ընտանիք։ Փաշինյանի` օրերս Գագիկ Ծառուկյանի, նրա որդուն վերաբերող գնահատականներին Գագիկ Ծառուկյանը լավագույնս արդեն արձագանքել է` ասելով, որ ինքը չի պատրաստվում իր կլասսը գցել և այդ խոսույթով հանդես գալ։ Ընդ որում, այսօր հրապարակված սոցիոլոգիական հարցումներից մեկի տվյալներով Գագիկ Ծառուկյանի այդ արտահայտությունը համարվել է նախորդ շաբաթ հնչած ամենապոպուլյար արտահայտությունը։ Մեզ համար բացարձակ անընդունելի է նախընտրական քարոզչությունը գռեհկաբանության տիրույթ տեղափոխելու բոլոր դրսևորումները»։

Քարոզարշավում օգտագործվող բառամթերքի մասին Նիկոլ Փաշինյանն առայժմ չի ցանկանում խոսել․

«Պայմանավորվել ենք, չէ՞, որ երկու երեք օրը մեկ բրիֆինգ կանեմ։ Ձեր հարցերը հավաքեք, կպատասխանեմ»։

Նախընտրական շրջանում վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Իր մանդատի շրջանակում նախընտրական փուլում այն շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված լիազորությունները և դրանցից բխող աշխատանքները:

Կառույցից հերթական անգամ հիշեցնում են չափանիշները․

Հաշվի առնելով ՄԻԵԴ նախադեպային իրավունքը՝ նախընտրական շրջանում ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց խոսքը վարքագծի կանոնների տեսանկյունից կարող է ոչ իրավաչափ համարվել միայն բացառիկ դեպքերում, երբ այն հանգեցնում է հանրային իշխանության հեղինակազրկմանը, այն է՝

գռեհկաբանությունների, հայհոյախոսությունների կիրառման դեպքում,

բռնության կոչ, սպառնալիք կամ արդարացում պարունակող խոսքի դեպքում,

ատելության խոսքի դեպքում։

Միաժամանակ, նախընտրական շրջանում կարծիքի արտահայտման ազատության առավել լայն սահմանները պետք է կիրառելի լինեն միայն քարոզչական նպատակներով կամ քարոզչության շրջանակում կատարված խոսքի նկատմամբ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզաբանման մեջ նշված է. «Անգամ կարծիքի արտահայտման ազատության լայն սահմանների պարագայում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հնարավորինս ձգտեն նախընտրական քարոզարշավի ընթացքում դրսևորել բարեկիրթ և հարգալիր վարքագիծ՝ խուսափելով այլոց արժանապատվությունը ոտնահարող խոսքի գործածումից։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովը կոչ է անում նախընտրական քարոզչություն իրականացնող՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դրսևորել հնարավոր զսպվածություն՝ խուսափելով հանրային իշխանությունը հեղինակազրկող վարքագծից»։

Կեղծ տեղեկատվությունից և վիրավորանքից բացի՝ քարոզարշավի 8-րդ օրը կուսակցությունների մի մասը խոսում է քարոզարշավի ընթացքում վախի մթնոլորտի մասին։ Նման տեսակետ են հայտնում «Լուսավոր Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները։

Ոչ թե աջակիցների բացակայության, այլ այդ մթնոլորտով է «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարույքյանը հիմնավորում մարդաշատ հավաքներ չկազմակերպելու իրենց գործելաոճը։ Նախագահի նստավայրի մոտ օրվա ակցիան սակավամարդ էր․

«Ինչ վերաբերում է ձեր հարցին, որ մենք չենք տեսնում ձեր հետևորդներինորտե՞ղ չեք տեսնում, մենք մեր հետևորդներին չենք հրավիրել այստեղ։ Մարզեր էլ ենք գնում, կգնանք էլ,  Երևանում էլ ենք հանդիպումներ անում։ Հիմնականում որտեղ որ մարդ է հավաքվում, որ մեզ հանդիպի, մենք դա չենք լուսաբանում, դուք դա չեք տեսնելու։ Ինչու՞, որովհետև մարդիկ այնպիսի վախի մթնոլորտի մեջ են, որ ես չեմ հիշում այսպիսի բան։ Ի՞նչ եք ուզում, հավաքենք, ԱԱԾ-ն նկարի այդ մարդկանց, այդ մարդիկ խնդիր ունենա՞ն, թե՞ թողնենք այդ մարդիկ հանգիստ ընտրությունների օրը գնան ընտրական տեղամաս, 30 վայրկյանանոց իրանց գործը կատարեն։ Ի՞նչ կարիք կա մարդկանց գցել «շառի» մեջ, մի «լայքի» համար մարդ են գործից հանում»։

«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը Ապարանում նույնպես մարդաշատ չէր։ Այն բանից հետո, երբ քաղաքացիների մի մասը փորձում էր շրջանցել և չշփվել քարոզիչների հետ, «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Անանյանը սկսեց մտորել․

«Այն աղջիկը մտավ խանութ, որ չշփվի։ Ժողովուրդը վախեցած է, տեսախցիկ են տեսնում, խուսափում են։ Հետաքրքիր է։ Կարո՞ղ է չպիտի նկարենք, երևի պետք է քայլենք ժողովրդի հետ, որ խոսենք, այս տեսախցիկը տեսնում են խուսափում են, ճանապարհը շեղում են»։

Ի դեպ, քարոզարշավի առաջին շաբաթից գոհ է «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։ Թեև ասում են, որ սոցհարցում պատվիրելու թանկարժեք ծառայությունից օգտվելու բավարար միջոցներ չունեն, բայց մարդկանց վերաբերմունքից զգում են, որ իրենց սկսել են ճանաչել։ Երեխաները, օրինակ, իրենց տեսնելիս արդեն Սարդ–մարդու նշանն են ցույց տալիս։

Այս քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի ներկայացմամբ՝ առաջիկայում շարունակելու են իրենց անսովոր ակցիաները քարոզարշավի մթնոլորտին համահունչ։

«Մեր բոլոր ակցիաների նպատակը` ցույց տալ, թե ինչ իրավիճակ է տիրում երկրում տարիներ շարունակ ընտրությունների հետ կապված․ իրար վրա ցեխ շպրտոցին, ջուր ծեծոցին ու էլի ունենալու ենք ակցիաներ, որոնք պատկերավոր ցույց են տալու այն ինչ իրականանում է, իրականացել է մեր երկրում»։

Աշտարակում, Ապարանում, Արթիկում, Գյումրիում և Երևանի մի շարք համայնքներում անցկացված քարոզարշավից «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը գոհ է։ Նպատակն  ազգային իշխանություն ձևավորելն է։

Leave a Comment