«Ազատ կյանքի» գինը. ինչո՞ւ են մարդիկ հետաձգում ընտանիք կազմելու որոշումը

Մայիսի 15-ն ընտանիքի միջազգային օրն է։ Ամուսնությունների թվի նվազումն ու ամուսնալուծությունների աճը Հայաստանում մասնագետները կապում են ինչպես սոցիալական վարքագծի փոփոխությունների, այնպես էլ ժողովրդագրական խոր խնդիրների հետ։ Սոցիոլոգները  ընտանիք կազմելու որոշման հետաձգումը  պայմանավորում են վարքագծային «թրենեդներով», ժողովրդագրագետները՝ արտագաղթի և ծնելիության ցուցանիշներով։

Իշխանությանը նույնպես իրավիճակը մտահոգում է․ լուծումներն առաջարկվել են 2024-2040 թվականների ժողովրդագրական ռազմավարությամբ։

Որևէ մեկը չի ամուսնանում բաժանվելու նպատակով` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է սոցիալական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը։ Նրա ձևակերպմամբ` ամուսնություններն ու բաժանումները նույնպես միտումներ ունեն, որոնց հիմքում տարբեր գործոններ են։ Առաջինը, ըստ Աթանեսյանի, ապագայի անկանխատեսելիությունն է․

«Անկախ նրանից, թե ինչ է խոստանում քաղաքական վերնախավը, մարդ տեսնում է իր ապագան, որոշ իմաստով հստակ կամ անհստակ, և էդ իմաստով մենք` հայերս, ընտանիքը միշտ համարել ենք շատ ֆունդամենտալ կարևորագույն փուլերից 1-ը կյանքի»։

Սոցիոլոգի դիտարկմամբ՝ սա կարելի է համարել գլոբալ հիմնավորում։ Երկրորդ գործոնը կապված է ներհասարակական գործընթացների հետ։ Դրանցից մեկը, այսպես ասենք, վարքագծային թրենդն է․ ազատ կենսակերպը շատերի համար դարձել է «նորաձև» ընտրություն․

«Այսօր նորաձև է ազատ կյանք ունենալը։ Երբ օրինակ, տեսնում ենք «Ազատ մարդ» բրենդն է շրջանառվում, նայած ո՞վ, ինչպե՞ս է ընկալում այդ ազատությունը։ Ոմանց համար ազատությունն ընտանիքի կապանքներից ազատ լինելն է և ազատ որոշում ընդունելու իրավունքի կիրառումը։ Ահա այդ ազատ մարդու մտածողությունը նաև դրսևորվում է նրանով, որ մարդ չի ուզում ընտանիք ունենալ, ուզում է ունենալ կապեր, հարաբերություններ, բայց դրանք չանվանել ազատ, ընտանիք, և ավանդականությունն էլ է ըստ էության այդ մոդայից դուրս հայտնվել»։

Ըստ վիճակագրության՝ վերջին տասը տարում Հայաստանում ամուսնությունների թիվը նվազել է 21,5 %-ով․ 2015-ին գրանցվել է 17․603 ամուսնություն, 2025-ին՝13․821-ը։ Ամուսնալուծությունների թիվը 2025-ին 33 %-ով ավելի է եղել, քան 2015-ին։

Վիճակագրական պատկերն ու ժողովրդագրական իրավիճակը բարելավելու, շոշափելի արդյունք ստանալու նպատակով պետությունը 2024 թվականին ընդունել է 2024-2040 թվականների ժողովրդագրական ռազմավարությունը։

Ստեղծել միջավայր, որը նպաստում է ընտանիքի բարեկեցությանը, և որտեղ յուրաքանչյուր նորածնի՝ աշխարհ գալը նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը․ փաստաթղթի մեջ այս ձևակերպմամբ է պետությունը բանաձևել իր մոտեցումը։

Ռազմավարության չորս հենասյուներից մեկն ընտանիքի բարեկեցությունն է։ Գործողությունների ելակետն այն իրողությունն է, որ Հայաստանում բնակչության թիվը նվազում է, ինչը համաշխարհային միտում է:

Ծնելիության ցածր և մահացության ընդհանուր գործակցի աճը արտագաղթով մեկտեղ ժողովրդագրական հիմնական մարտահրավերներից է․ ռազմավարության մեջ այս կանխատեսումն այսպես է բացատրվում․ մեջբերում․

«Հայաստանը մուտք է գործել ժողովրդագրական մի շրջափուլ, որը բնորոշվում է պտղաբերության նվազմամբ, որը մեծամասամբ և բացասականորեն կորելացված է կյանքի որակի և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հետ: Տնտեսական աճը և դրան հետևող ուրբանիզացիայի մակարդակի աճը փոխում են ապրելակերպն ու կյանքի մոդելը՝ բացասաբար անդրադառնալով  ծնելիության մակարդակի վրա՝ ինչպես նկարագրվեց ավելի վաղ»։

Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշների լավագույն շրջանը 1980-ականներն էր՝ նկատում է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։ 1986 թվականին Խորհրդային Հայաստանում ծնվել է 81․192 երեխա։ 90-ականների սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների հետևանքով ծնելիության ցուցանիշը  էականորեն նվազել է։

Մասնագետի խոսքով՝ 1992-2002 թվականներին ծնունդների թիվը պակասել է մոտ 60 %-ով։ Ի դեպ, այդ ցուցանիշով, Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում առաջին տեղում էր, երկրորդը Վրաստանն էր․

«Ժողովրդագրական գործընթացների վրա ամենավատ ազդեցությունը թողել է մասսայական արտագաղթը։ Բոլոր գործընթացների, այսպես  ասած, մեղավորն այն  արտագաղթն էր, որ տեղի ունեցավ 90–ականներին և նաև դրանից հետո 2000-ականներին ու շարունակվեց մինչև 2000- ականների կես։ Այդ արտագաղթը միշտ իր ազդեցությունն ունեցել է ժողովրդական գործընթացների վրա, քանի որ հեռացել էին հիմնականում վերարտադրողական տարիքում գտնվող մարդիկ, որոնք կամ ամուսնացած էին, կամ ունեին 1 երեխա, այսինքն` վերարտադրողական ակտիվ տարիքում էին գտնվում։ Տարան, գնացին, եթե ամուսնացած չէին, գնացին կամ դրսում ամուսնացան, կամ սկսեցին այստեղից արդեն իրենց հետագա ամուսիններին ընտրել»։

Ըստ ՄԱԿ-ի 2019-ի հետազոտության՝ Հայաստանի մշտական բնակչությունը 2050-ին կկազմի 2,5 մլն: Հայաստանի բոլոր  իշխանությունները ժողովրդագրական իրավիճակի բարելավումն առաջնահերթություն են համարել՝ տարբեր նպատակներ թիրախավորելով։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ նպատակը  2040-ին Հայաստանի բնակչությունը 4 միլինոնին հասցնելն է, գործող վարչապետը  2019-ին հայտարարեց՝ Հայաստանի բնակչությունը մինչև 2050-ը պետք է 5 մլն դառնա։ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության մեջ հստակ թվեր չեն նշվում։

Leave a Comment