Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակում «Նոր ուժ» կուսակցության Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանն անդրադարձել է կուսակցության տեսլականին, մասնագետների պակասին, մայրաքաղաքի կանաչապատմանն ու ենթակառուցվածքների խնդիրներին, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերին ու հնարավոր համագործակցություններին։
Նրա խոսքով՝ իրենք են այն երրորդ ուժը, որը կդադարեցնի նախկինների և ներկաների դիսկուրսը։
«Ութ տարիների ընթացքում մենք անվերջ լսում ենք ներկաների՝ նախկինների և ներկաների անվերջ քննադատական դիսկուրսը և մենք կարծում ենք, որ ի վերջո պետք է սա դադարի և լինի ինչ-որ մի նոր առաջարկ։ Ես կուզենամ, որ մենք ընկալենք Երևանը որպես մեր հանրապետության 1/3-ից ավելը, այստեղ ապրում է 1 միլ մարդ և երևի թե ամենադժվար կարգավորվողը հենց Երևանն է»,- նշել է նա։
Ըստ Վարդանյանի՝ մայրաքաղաքի կառավարումը հանձնված է ոչ մասնագետներին, ինչը շարունակական սխալների պատճառ է դառնում։
«Ամենուրեք դիլետանտային կառավարում է։ Իշխանության շուրջ նշանակված են «կապերով» մարդիկ, որոնք պրոֆեսիոնալիզմ չեն դրսևորում և տվյալ ոլորտների մասնագետները չեն հանդիսանում»,- ընդգծել է նա։
Վարդանյանը նշել է, որ կանաչապատման ոլորտում մեծ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում և Պետական վերահսկողության ծառայությանը հորդորել ուշադրություն դարձնել միջոցների փոշիացմանը։
«Սոսկալի է ծրագիրը, որի արդյունքում Երևան քաղաքը կորցրեց կենտրոն վարչական շրջանում ամբողջությամբ իր թոքերը։ Մենք բազմիցս ենք ասում, որ այս 100 հազարավոր դրամ արժեցող տնկանյութը երկարաժամկետ հեռանկարում դուք անում եք հսկայական միջոցների ծախս, որը պետությանը չի բերելու այն դիվիդենդները և այն սպասելիքները, որոնք որ դրվել են»,- շեշտել է նա։
Վարդանյանը պարզաբանել է, որ երբ քաղաքապետը Հայկ Մարությանն էր, պայքարում էին ծառերի խորը էտի դեմ, սակայն այժմ պայքարն ընթանում է հենց ծառերի դեմ, ինչի հետևանքով կենտրոնը զրկվել է կանաչապատ տարածքներից։
Նա անդրադարձել է նաև հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որտեղ «Նոր ուժն» առաջադրվել է։ Բացառելով համագործակցությունը իշխող ուժի և նախկին իշխանությունների հետ՝ նա հավելել է, որ իրենց ծրագրի առանցքային կետերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է։
«Մեր ծրագրում մենք ունենք առանձին մի կետ, որ կոռուպցիան չի ունենալու վաղեմության ժամկետ, այսինքն այս գողությունները, որոնք իրականացվում են պետության մեջ, չպետք է ժամանակի ընթացքում այսպես կորեն, որովհետև ոչ մի իշխանավոր դեռ չի դատապարտվել իշխանության օրոք»,- շեշտել է նա։
Ավագանու անդամի խոսքով՝ ծրագրի առաջին կետը՝ եվրոպականացումը, ենթադրում է ուժեղ ինստիտուտներ, ստանդարտավորման համակարգեր և հարգանք մարդկային ռեսուրսի նկատմամբ։
Արտաքին քաղաքականության մեջ ամենակարևոր զենքը, ըստ նրա, ճիշտ դիվանագիտությունն է։ Վարդանյանը կարծում է, որ մեկ գործընկերոջ հետ բարեկամությունը չպետք է լինի ի հակադրություն մյուսի, ինչն այսօր նկատելի է։
«Անհարգալից վերաբերմունք մի կողմի նկատմամբ՝ ի շահ մյուս կողմի․ տպավորություն է, որ անընդհատ ինչ-որ փոփոխվող գործընթացների մեջ ենք մենք գտնվում»,- մեկնաբանել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
