Զելենսկին եվրոպական երկրներին չլռելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կոչ է արել

Մայիսի 14-ի առավոտյան Ռուսաստանը անօդաչու սարքերով և հրթիռներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։ Կիևի իշխանությունները հայտնում են մեկ սպանվածի և 33 վիրավորի մասին։ Ռուսական կողմն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եվրոպական երկրներին կոչ է արել ֆինանսական աջակցություն ցուցաբերելու իր երկրին, որպեսզի հնարավոր լինի սկսել անօդաչուների արտադրությունը։

Զանգվածային հրթիռակոծություն Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ։ Ուկրաինական ու միջազգային մամուլը հաղորդում են, որ անցած գիշեր ՀՕՊ համակարգերը 693 ռուսական անօդաչու սարք են խոցել։ Բացի այդ՝ Ուկրաինայի ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական հրթիռները և անօդաչու սարքերը ուղիղ հարվածներ են հասցրել 24 բնակավայրի։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո․ «Կիևի, Դառնիցկի շրջանի վրա ևս մեկ ռուսական հարձակում։ Մենք տեսնում ենք ավերված 9-հարկանի շենքը, որտեղ ավերվել է 18 բնակարան։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հուսով եմ, որ փլատակների տակ մարդիկ չկան։ Մեր քաղաքի տարբեր մասերում բազմաթիվ հարվածներ են գրանցվում։ Բոլոր տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Մենք շարունակում ենք աշխատել, ցավոք սրտի, հակաօդային պաշտպանության ազդանշանները ևս շարունակում են գործել»։

Ըստ AP գործակալության՝ ուկրաինացի պաշտոնյաները հայտարարում են, որ այդ հարձակումը Ռուսաստանի պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան այցի։

Բուխարեստում՝ իննյակի գագաթնաժողովում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ 90 մլրդ եվրո աջակցության եվրոպական փաթեթը կսկսի գործել ոչ ուշ, քան հունիսի սկիզբը։ Նա ասել է, որ դա խիստ անհրաժեշտ է անօդաչու սարքերի արտադրության համար։ Ըստ Զելենսկիի՝ զանգվածային հարձակման ժամանակ Մոսկվան նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել։ Նա կոչ է արել գործընկերներին չլռելու ու շարունակելու աջակցությունը Ուկրաինայի օդային պաշտպանությանը։ Զելենսկին ասել է նաև, որ չի անտեսում դիվանագիտական ջանքերը պատերազմի դադարեցնելու ուղղությամբ․

«Իհարկե, մենք չենք հրաժարվում դիվանագիտական ջանքերից և հուսով ենք, որ Ռուսաստանի վրա ճնշումը, տարբեր ձևաչափերով բանակցություններով մեկտեղ, կօգնի խաղաղության հաստատմանը: Պատժամիջոցները գործում են: Մեր հեռահար հնարավորությունները գործում են, և ձեր ճնշման յուրաքանչյուր ձև գործում է: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ամերիկացի գործընկերների հետ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման հարցը կարծարծվի նաև հիմա, երբ Միացյալ Նահանգների նախագահը Չինաստանում է»:

Ըստ Զելենսկիի՝ Ռուսաստանը վերջին երկու օրում ավելի քան 1․560 անօդաչու սարք է արձակել դեպի Ուկրաինա։ Ամենամեծ կորուստները կրել է մայրաքաղաք Կիևը։

ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հաղորդում է ուկրաինական հարվածների մասին։ Նշվում է, որ գիշերվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը ուկրաինական 40 անօդաչու են ոչնչացրել։

Փոխադարձ հարվածների ու եվրոպական երկրներից, Զելենսկիի ակնկալիքների համատեքստում, ուշագրավ է Լեհաստանում ամերիկյան զրահատանկային բրիգադ չտեղակայելու Վաշինգտոնի որոշումը։ Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ–ն անսպասելիորեն  հետաձգել է ռոտացիոն կարգով 2-րդ զրահատանկային բրիգադի տեղակայումը Լեհաստանում։ Նշվում է, որ Պենտագոնը այս որոշումն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայում ամերիկյան  զորախմբի թվաքանակը կրճատելու ծրագրին համապատասխան, սակայն դա զարմացրել է որոշ բարձրաստիճան զինվորականների: Այս տեղեկությունը տարածվել է ոչ պաշտոնական ճանապարհով, այդ թվում՝ ամերիկացի զինվորների՝ իրենց ընտանիքներին ուղղած անձնական հաղորդագրությունների միջոցով։  

Միջազգային մամուլը գրում է, որ Իրանի դեմ ամերիկյան հարվածները քննադատող՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարություններից հետո ԱՄՆ-ն հայտնեց Գերմանիայում 5․000 զինվորականի տեղակայումը չեղարկելու ծրագրի մասին։

Եվ հակառակ այս տեղեկություններին՝ Լեհաստանը հերքում է երկրում ԱՄՆ ռազմական բազայի տեղակայումը չեղարկելու մասին լուրերը։

Leave a Comment