Իրանը պահպանել է իր ռազմական ներուժի մեծ մասը՝ գրում է միջազգային մամուլը։ Ամերիկյան հետախուզական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Դոնալդ Թրամփը և նրա ռազմական խորհրդականները գերագնահատել են իրանական հրթիռային կայանքներին պատճառած վնասը և թերագնահատել են Իրանի վերականգնվելու կարողությունը։ Այսպիսի գնահատականներ է հրապարակում NYT-ը։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հերքել է այդ տեղեկությունները և վստահեցրել, որ Նահանգներն ունի անհրաժեշտ զինատեսակները յուրաքանչյուր ծրագրի համար։
Վաշինգտոնի պնդումները, թե Իրանը ռազմական պարտություն է կրել, հակասում են ԱՄՆ հետախուզական տվյալներին։ Ըստ այդմ՝ Իսլամական Հանրապետությունը դեռևս վերահսկում է իր հրթիռարձակման շարժական համակարգերի մոտ 70 %-ը և պահպանել է իր հրթիռային նախապատերազմյան զինանոցի մոտ 70 %-ը։ Այս տվյալները հրապարակել է New York Times-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ իրանական զինանոցը ներառում է թե՛ բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հարվածել տարածաշրջանի այլ երկրների, թե՛ թևավոր հրթիռների փոքր պաշարներ, որոնք կարող են կիրառվել ցամաքային կամ ծովային ավելի մոտ թիրախների նկատմամբ։ Պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան հետախուզության համար ամենամտահոգիչն այն է, որ Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցում տեղակայված 33 հրթիռային համակարգերից 30-ը։
Դրանք լուրջ սպառնալիք են նեղուցով անցնող ամերիկյան ռազմանավերի և նավթատարների համար՝ գրում են հոդվածի հեղինակները։
Հրապարակման մեջ նշվում է, որ, ըստ ամերիկյան ռազմական հետախուզության, մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ արբանյակային պատկերները վկայում են, որ Իրանը վերականգնել է իր ստորգետնյա հրթիռային պահեստների և արձակման կայանների մոտ 90 %-ի հասանելիությունը:
Washington Post-ը ևս նման տվյալներ է ներկայացնում։ Ըստ դրանց՝ Իրանը վերականգնել է իր շարժական արձակման կայանների մոտ 75 %-ը և պատերազմից առաջ ունեցած հրթիռային զինանոցի մոտ 70 %-ը:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Թրամփն ու պատերազմի նախարար Հեգսեթը խոսում են Իրանի ռազմական ներուժի ոչնչացման մասին:
Ներկայացված տվյալներն, ըստ էության, հերքում են նրանց պնդումները՝ եզրակացնում է New York Times-ը:
«Հետախուզական նոր տվյալները ենթադրում են, որ Դոնալդ Թրամփը և նրա ռազմական խորհրդականները գերագնահատել են ԱՄՆ ԶՈՒ կողմից իրանական հրթիռային կայաններին պատճառվող վնասը և թերագնահատել են Իրանի դիմադրողականությունն ու վերականգնվելու ունակությունը»,— կարդում ենք հոդվածում:
Դոնալդ Թրամփը, սակայն, Truth Social հարթակում քննադատել էր Իրանի հետ պատերազմի լուսաբանումը առանց կոնկրետ լրատվամիջոցներ նշելու: Նա Սպիտակ տան դիրքորոշումը չսատարող հրապարակումները անվանել է «դավաճանական»՝ պնդելով, որ դրանք աջակցում են թշնամուն։
Պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ՝ մամուլի այդ հրապարակումներին արձագանքելիս, ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն ասել է, որ 2027-ին ամերիկյան պաշտպանությանը հատկացվող բյուջեն պատմական է և Իրանի պատերազմի արժեքը հասցնում է գրեթե 29 մլրդ դոլարի․
«Սա, իհարկե, պատմական բյուջե է։ Այն պատասխանատու բյուջե է և պատերազմական բյուջե է։ Ես դեմ եմ հանրային քննարկման ժամանակ զինամթերքի սպառման մասին բնութագրումներին։ Դա ճիշտ չէ, և ի վերջո, մենք ունենք անհրաժեշտ զինամթերքը՝ անելու այն ամենը ինչ անհրաժեշտ է մեզ, և մենք ապահովելու ենք, որ ապագայում զինանոցը գերլիցքավորվի»:
Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին ռազմական դեպարտամենտի 2027 թվականի 1,5 տրլն դոլարի բյուջեին լիակատար աջակցելու համար։
Ըստ NYT-ի, սակայն, Միացյալ Նահանգներն արդեն սպառել է կարևոր համարվող զինամթերքի բազմաթիվ տեսակներ, այդ թվում՝ Tomahawk թևավոր հրթիռները, Patriot հակաօդային պաշտպանության հրթիռները։
«Եթե Թրամփը հրամայի լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանին այդ երկրի կարողությունները ոչնչացնելու կամ քայքայելու համար, ԱՄՆ ԶՈՒ–ն ստիպված կլինեն սպառելու զինանոցի կարևոր զինամթերքի մյուս մասը ևս»,— պնդում է միջազգային մամուլը:
Հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ եվրոպական դաշնակիցները նույնպես մտահոգված են ամերիկյան զենքի պաշարների սպառման մասին տեղեկություններով: ԱՄՆ դաշնակիցները միլիարդավոր դոլարների զինամթերք են պատվիրել Միացյալ Նահանգներին Ուկրաինայի համար և այժմ վախենում են, որ այն չի մատակարարվի, քանի որ ԱՄՆ զինված ուժերը այժմ կարող է դրա կարիքը ունենալ սեփական պաշարները համալրելու համար:
Ամերիկյան պաշտպանական բյուջեի քննարկումների ժամանակ Մինեսոտա նահանգի դեմոկրատ ներկայացուցիչ Բեթի Մաքքոլումը նկատել է, որ եթե Կոնգրեսը թույլ չտա շարունակել ռազմական գործողությունները Իրանի դեմ, ապա կարիք կլինի ամերիկյան զորքերը դուրս բերելու ծրագիր կամ պլան Բ մշակել։
Կա՞ նման ծրագիր․ այս հարցին Հեգսեթը պատասխանել է, որ Պենտագոնն ունի ծրագրեր ամեն ինչի համար․
«Մենք ունենք ծրագիր այդ ամենի համար: Մենք ունենք ծրագիր՝ անհրաժեշտության դեպքում իրավիճակը սրելու: Մենք ունենք ծրագիր՝ անհրաժեշտության դեպքում հետընթաց կատարելու, մենք ունենք ծրագիր՝ միջոցները տեղափոխելու: Իհարկե, մենք չենք բացահայտի, թե որն է հաջորդ քայլը։ Նախագահը ստանձնել է պատասխանատվություն, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա»:
Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելն էլ նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է երկրի շահերը պաշտպանելու համար։