
Թուրքիան ու Հայաստանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։
«2022 թվականից ի վեր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում ընդունված վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ։ Երկու երկրների միջև ընդհանուր սահմանը բացելու համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են», – X-ում գրել է Օնջու Քեչելին։
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է. «Նոր կարգավորման շնորհիվ այժմ հնարավոր է Թուրքիայից երրորդ երկիր և այնուհետև Հայաստան գնացող կամ նույն երթուղով Հայաստանից եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագման վայրը գրել որպես «Հայաստան/Թուրքիա»։
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել, որ Թուրքիան արտահանման փաստաթղթերում որպես ստացող երկիր կնշի նաև Հայաստանը։