2026 թվականի մայիսի 11-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջնորդության քննության հարցով դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ նիստը նախագահում էր ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։ Խորհրդի կազմում ընդգրկված էին նաև անդամներ Անահիտ Աբրահամյանը, Արմեն Դանիելյանը, Կարեն Թումանյանը, Երանուհի Թումանյանցը, Մերի Համբարձումյանը, Աշոտ Հայրապետյանը, Արմենուհի Հարությունյանը, Էդգար Հովհաննիսյանը և Քրիստինե Մկրտչյանը։
Դատական նիստին մասնակցում էին արդարադատության նախարարի տեղակալ Օքսաննա Աբրահամյանը, նախարարության ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանը, դատավոր Ռոբերտ Պապոյանը և նրա ներկայացուցիչ, փաստաբան Գնել Մուղնեցյանը։
Գործի քննության ընթացքում նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ կարգապահական վարույթը հարուցվել է քաղաքացի Էդգար Ղազարյանի հաղորդման հիման վրա։ Ըստ միջնորդության՝ դատավոր Պապոյանը երկու տարբեր քրեական գործերով ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ հաղորդում ներկայացրած անձի հետ ունի մտերիմ հարաբերություններ, քանի որ սովորել են նույն դպրոցում, իսկ Ղազարյանի քույրը եղել է նրա համադասարանցին։
Կարգապահական վարույթի ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ դատավորի և հաղորդում ներկայացրած անձի միջև վերջին տարիներին ակտիվ շփումներ չեն արձանագրվել, իսկ առկա կապերը, ըստ լիազոր մարմնի, բավարար չեն եղել՝ ինքնաբացարկի համար անհրաժեշտ օբյեկտիվ հիմքեր ձևավորելու տեսանկյունից։ Այդ հիմքով նախարարությունը միջնորդել էր դատավորին ենթարկել կարգապահական պատասխանատվության։
Նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդեց քննությունը մասամբ անցկացնել դռնփակ ռեժիմով՝ մասնավոր կյանքի գաղտնիության պաշտպանության նկատառումներով։ ԲԴԽ-ն բավարարեց միջնորդությունը՝ գործի քննության մի մասը կազմակերպել դռնփակ, իսկ միջնորդությունների ներկայացումն ու եզրափակիչ ելույթները՝ դռնբաց ռեժիմով։
Դռնփակ հատվածում ներկայացվել են լրացուցիչ ապացույցներ, որոնք, ըստ նախարարության ներկայացուցչի, նախկինում հայտնի չեն եղել վարույթ հարուցած մարմնին։ Վերադառնալով դռնբաց նիստին՝ նախարարության ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանը հայտարարեց, որ նոր ներկայացված ապացույցները լիազոր մարմինը գնահատում է, որպես դատավորի կարգապահական պատասխանատվությունը բացառող հանգամանքներ։
Նա ընդգծել է, որ թեև նախարարության միջնորդությունը ներկայացվել էր այն տվյալների հիման վրա, որոնք առկա էին վարույթի սկզբնական փուլում, սակայն հետագայում ստացված լրացուցիչ տեղեկությունները փոխել են իրավիճակի գնահատականը։
Իր հերթին դատավոր Ռոբերտ Պապոյանը պնդեց, որ ինքնաբացարկ հայտնելիս առաջնորդվել է ոչ միայն արտաքին ընկալումներով, այլև սեփական համոզմամբ, որ տվյալ գործերով չի կարող լինել լիովին անաչառ։ Նրա խոսքով՝ հաղորդում ներկայացրած անձի հետ հարաբերությունները ձևավորվել են դեռ դպրոցական տարիներից և շարունակվել տարբեր փուլերում, այդ թվում ընտանեկան ու անձնական շփումների մակարդակով։
Փաստաբան Գնել Մուղնեցյանը նշեց, որ քրեական դատավարությունում ինքնաբացարկի ինստիտուտը ենթադրում է նաև դատավորի սուբյեկտիվ ընկալման կարևորություն, եթե դատավորը գտնում է, որ իր մասնակցությունը կարող է ողջամիտ կասկած առաջացնել անաչառության վերաբերյալ։
Քննության ավարտին Խորհուրդը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի 2026 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 10:55-ին։