Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 12-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավարները։


 


Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, Արփինե Սարգսյանին է ներկայացվել ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ Ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքը․ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։


 


Ներկայացվել են նաև ընտրողների նախնական ցուցակների հրապարակման, վերջնական ցուցակների ձևավորման և ճշգրտման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությանը։


 


Կարևորվել է ընտրության օրը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և 112 օպերատիվ կառավարման կենտրոնի թեժ գծերի միջոցով քաղաքացիներին և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին տարբեր լեզուներով տեղեկատվության հասանելիության ապահովումը։ Անդրադարձ է կատարվել անձնակազմի վերապատրաստման հարցերին։


 


ՆԳ նախարարը հանձնարարել է գործող ընթացակարգերի, ընտրողների իրավունքների և ընտրական հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ինտենսիվացնել հանրային իրազեկումը։


 


Նախարար Սարգսյանը նախընտրական և ընտրական գործընթացներում առերևույթ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման և արագ արձագանքման ուղղությամբ տվել է խիստ հանձնարարականներ։


 


Արփինե Սարգսյանը շեշտել է, որ իրավապահ համակարգի արձագանքը պետք է լինի օպերատիվ, պրոֆեսիոնալ և համակարգված՝ ուղղված ընտրական գործընթացների պատշաճ ապահովմանը։


 


ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավարները ներկայացրել են կոնկրետ ուղղություններով արդեն իսկ կատարված աշխատանքները։


 


Leave a Comment