Մայիսի 28. զինված ուժերի հաշվետվությունը․ ինչո՞վ է համալրվել հայկական բանակը

Այսօր վաղ առավոտյան երևանյան երկնքի անդորրը խախտել են ռազմական ուղղաթիռները, իսկ տարբեր զորամասերում՝ ռազմական տեխնիկան։ Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առթիվ զորահանդեսի փորձեր էին։ Այդ միջոցառումը  իշխանությունները ներկայացնում են ոչ միայն որպես զորահանդես, այլև՝ վերջին տարիներին բանակի վերազինման ու պաշտպանական ոլորտում կատարած աշխատանքի յուրատեսակ հաշվետվություն հանրությանը։ Ի՞նչ զինտեխնիկա է ցուցադրվելու, ո՞ր երկրների հետ է Հայաստանը վերջին տարիներին խորացրել ռազմական համագործակցությունը և քաղաքական ի՞նչ ուղերձներ է կրում սպասվող շքերթը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում սպասվող զորահանդեսի փորձից: Այն անցկացվել է զորամասերից մեկում։

Այս տարվա Հանրապետության օրվա միջոցառումը իշխանությունները բնորոշում են ոչ այնքան որպես դասական զորահանդես, որքան հաշվետվություն՝ քաղաքացիներին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է սպասվող շքերթը  նախընտրական գործընթացներին կապելու միտումներին։ Վերջին շրջանում ցանկացած գործողություն կապվում է նախընտրական քարոզարշավին՝ նկատում է նախարարը, ապա հավելում.  

«Բայց եթե ամենը մեր կատարած աշխատանքի մասին է ու, եթե դա օգնում է նախընտրական որևէ պրոցեսի, մենք հրաժարվե՞նք մեր կատարած աշխատանքից։ Իհարկե՝ չենք հրաժարվելու»։

Գերատեսչության ղեկավարը հերքել է նաև լուրերը, որ միջոցառման համար դիմել են ռուսական 102-րդ ռազմաբազային։ Նա շեշտում է, որ ցուցադրվելու են բացառապես սեփական ռազմական միջոցները՝ որպես հաշվետվություն հասարակությանը։  

«Ցույց ենք տալու բոլոր այն սպառազինություններն ու ռազմական տեխնիկան, որը երբևէ ցույց չենք տվել։ Վարչապետ Փաշինյանի կառավարման ընթացքում ձեռք բերված այն միջոցները, որոնք առիթ չենք ունեցել ցույց տալու հասարակությանը։ Բայց հիմնականը՝ զգալի ծավալը վերաբերում է 2022-2025 թվականներին»։

Վերջին տարիներին Հայաստանը ակտիվորեն դիվերսիֆիկացրել է ռազմական համագործակցությունը՝ նոր պայմանագրեր կնքելով հատկապես Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ։ 2022-ից հետո Երևանը մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ՝ վերազինելով բանակը և նվազեցնելով կախվածությունը ավանդական գործընկերներից։  

Հնդկաստանի հետ ռազմական համագործակցությունն ակտիվ փուլ մտավ 2022-2023 թվականներին։ Հայկական մամուլի և միջազգային աղբյուրների հրապարակումների համաձայն՝ Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային զինատեսակներ, զինամթերք, ինչպես նաև հակաօդային պաշտպանության «Akash» համակարգեր։

Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցությունը խորացավ հատկապես 2023 թվականից։ Ֆրանսիական աղբյուրների համաձայն՝ միայն 2023-2024 թվականներին կողմերը շուրջ 274.5 միլիոն եվրոյի սպառազինության պայմանագրեր են ստորագրել։ Ֆրանսիան Հայաստանին «Bastion» զրահամեքենաներ, «Caesar» ինքնագնաց հրետանային համակարգեր, հակատանկային հրթիռային համալիրներ, ինչպես նաև ՀՕՊ ոլորտի տեխնիկական միջոցներ է վաճառել։ Հայաստանի պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությամբ հիշատակվում է նաև Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների հետ պաշտպանական կապերի խորացումը։

Մայիսի 28-ի ցուցադրությունից զատ հունիսի 3-ին և 4-ին հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու նաև սեփական ռազմարդյունաբերության վերջին տարիների մշակումներին։ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը շեշտում է, որ կազմակերպվելիք էքսպո ցուցահանդեսում կներկայացվեն  թռչող սարքեր և դիտարկման տարբեր մշակումներ։  

«Հանրությունը, իրոք, առիթ կունենա շատ մոտիկից տեսնելու այդքան խոսացվող ամենատարբեր զինատեսակները, որոնք մշակվել են վերջին տարիներին։ Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ արդեն երկնիշ տոկոս է կազմում միայն տեղական արտադրանքը մեր սպառազինության մեջ, վերջին տարիների ձեռքբերումների մեջ։ Երկարաժամկետում, ես վստահ եմ, որ մեր մոտեցումը՝ մաքսիմալ շեշտը դնել տեղական մշակումների վրա, ավելի քան արդարացված է»։ 

Ջիվանյանի փոխանցմամբ՝ բոլոր այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանն ունի ռազմատեխնիկական համագործակցություն,Կոմիտեն նույնպես համագործակցում է, այդ թվում՝ համատեղ մշակումներով։ 

Մարտի 26-ի ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի ձեռք բերած սպառազինությանը, հայտարարել էր, որ Հանրապետության հրապարակում կցուցադրվի վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան, և հանրությունը կտեսնի իրականում այդ ուղղությամբ կատարված աշխատանքը.

«Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։  Կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան»։

Սպասվող զորահանդեսը կրում է ոչ միայն ռազմական, այլև խորհրդանշական բնույթ։ Իշխանությունը միաժամանակ փորձում է պահպանել նաև քաղաքական հավասարակշռությունը՝ ընդգծելով, որ ռազմական ցուցադրությունն ինքնանպատակ չէ և չի հակասում պաշտոնական Երևանի հայտարարած խաղաղության քաղաքականությանը։

«Մենք այս թեմայով աշխատել և աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու, և մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»։

Փաշինյանի խոսքով՝ նոր սպառազինությունը հրապարակային ցուցադրելու որոշումը կայացվել է քաղաքացիների մեծ հետաքրքրվածության պատճառով։ Ըստ նրա՝ քանի որ ռազմական տեխնիկան տեսնելու համար հերթագրվածների թիվը չափազանց մեծ է եղել, խմբային այցելություններ կազմակերպելը դարձել է ոչ իրատեսական։ Բացի այդ, բաց ցուցադրությունը թույլ կտա խուսափելու տեղեկատվական հնարավոր աղավաղումներից։

Մինչև մայիսի 28-ը զորահանդեսի փորձերը կշարունակվեն տարբեր զորամասերում, իսկ տոնական օրը Հանրապետության հրապարակը կվերածվի հանդիսավոր շքերթ-հաշվետվության հարթակի։

Leave a Comment