Խոստումներ, ծրագրեր ու քաղաքական հակադարձումներ․ քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը։  Արդեն չորրորդ օրն է՝ հանրապետության տարբեր բնակավայրերում ընտրարշավի մասնակիցները բացատրում են, թե ինչու է հունիսի 7-ին պետք ընտրատեղամաս գնալ և իրենց ընտրել։ Նրանց մի մասն այսօր մարզերում է եղել, մյուսները՝ մայրաքաղաքում։  

Մետրոյի շրջանաձև աշխատանքի խոստում, կարճ հիշողության մեղադրանք, ծրագիրը կաբինետից դուրս գրելու մասին վստահեցում․ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը շարունակում են  քարոզարշավը։  

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանգստյան օրերը մարզերում անցկացնելուց և տարբեր բնակավայրերում շրջելուց հետո, քարոզարշավն այսօր շարունակեց մայրաքաղաքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու «Քաղաքացիական պայմանագրի» առանցքային դեմքերն  առավոտը սկսեցին Կենտրոն վարչական շրջանում, հասան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան, ապա ուղևորվեցին Էրեբունի վարչական շրջան։

Կայարանում գնացքին սպասելիս  Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական խոստումներից մեկը։

«Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումը մեր ռազմավարական ծրագրերից մեկն է, և մենք խնդիր ենք դրել, որպեսզի մետրոյի «Բարեկամություն» կայարանում ավարտվող գիծը Աջափնյակ, Ակադեմիական քաղաք և Չարբախ տրամաբանությամբ միացնենք իրար»։

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։

«Հայաստան» դաշինք

Վարչապետի 19 թեկնածուներից «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձավ հասարակության կարճ հիշողությանը։

«Ամբողջ հաշվարկը գիտե՞ք՝ ինչի՞ վրա է, որ ժողովրդի հիշողությունը կարճ է․ ինքը համոզված է, որ կարճ է։ Նույն մարդը գնում է Շուշի, Շուշիի մասին ինչ ասես՝ չեն ասում, ինագորացիա են անում Շուշիում, պարում են։ Շուշին մեր սիրտն է, նկարվում են, սելֆիներ են անում։ Հիշում եք երևի այդ կադրերը։ Մեկ տարի հետ պարզվում է՝ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր, նույն քաղաքը։ Հիմա մարդ ի՞նչ երեսով կարող է 1-1.5 տարում կամ 6 ամսում կարծիքը մեկ տարբերակից փոխի ճիշտ հակառակը»։

«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Իրեն դասական քաղաքական գործիչ չհամարող, վարչապետի պաշտոնին չհավակնող, բայց այդ պաշտոնի համար առնվազն  երեք  թեկնածու առաջարկող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խաղաղության համար անհրաժեշտ է համարում որևէ հզոր երկրի երաշխավորությունը։ Կուսակցության ներկայացուցիչներն այսօր Հրազդանում էին։ ԲՀԿ առաջնորդը կարևորում է ոչ միայն քաղաքական ուժի ծրագիրը, այլև խոսքը գործի վերածելու ունակությունը։

«Որևէ մեկը չկա, որ ասի՝ Ծառուկյան, դու բան ես խոստացել, չես արել։ Չկա մեկը։ Ո՞նց կարող է պատահել, որ ես բան ասեմ ու չանեմ։ Եթե ասում եմ, տեղում հանձնարարում եմ, որ անմիջապես կատարեն, որ հանկարծ այնպես չլինի, որ մոռացել եմ»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը բացատրում է, թե ինչու լավ գիտի քաղաքացու խնդիրները։

«Այս անգամ մենք ծրագիրը կազմել ենք ոչ թե կաբինետում, որտեղ լուրջ դեմքով մարդիկ նստած գրել են, այլ  հանդիպել ենք բոլոր ոլորտների մարդկանց, հարցրել ենք՝ ինչ խնդիր ունեք, որտեղ եք աշխատում, որն է քո պրոբլեմը, ինչով ես դու զբաղվում, մարդիկ ասել են»։

Համադրելով քաղաքացիներից լսած խնդիրները՝ ԲՀԿ-ն կազմել է իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։

«Ուժեղ Հայաստան» դաշինք

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն այսօր Սյունիքի մարզում էին։ Նախատեսում են հանդիպումներ Սիսիանում, Գորիսում և Կապանում։ Կուսակցության խորհրդի անդամ, ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի խոսքով՝ թիմի  առավելությունը երիտասարդ լինելն է, իսկ առաջնորդի դեպքում՝ ֆինանսական կարգավիճակը։

«Երիտասարդ թիմ է, ուժեղ առաջնորդով, ով առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ֆինանսական որևէ կարիք չունի։ Առաջին անգամ առաջնորդ է գալիս Հայաստան, ով արդեն ունեևոր է, ոչ թե, որ ՔՊ-ն եկավ հեծանիվով դուրս եկավ Range Rover-ով»։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը քաղաքացիներին առաջարկում է Սյունիքի մարզում զարգացնել արդյունաբերությունը՝ օգտագործելով մարզի հանքային հարուստ պաշարները։ Դաշինքը  խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո՝ «Փոփոխություն» կարգախոսով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական անավատ գործարանի ֆոնին և Սահմանադրության առաջին հոդվածի հիշատակմամբ քարոզարշավը սկսած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի 4-րդ օրն արդեն ԲԴԽ շենքի  դիմաց են։

Կուսակցության վարչապետի թեկնածուն   բացատրել է, թե ինչու են քարոզարշավը սկսում այդ վայրից։ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հասարակությունը բացասական վերաբերմունք ունի դատական համակարգի նկատմամբ։ 

«Այս մարմնի նախագահներից մեկն աշխատանքից ազատվել է վարչապետի WhatsApp-ի գրառումով, այսինքն՝ WhatsApp-ով նամակ է ուղարկել, մարդը հրաժարական է տվել։ Վերջում համ վարչապետն է հարցացրույցում ընդունել, համ ԲԴԽ նախկին նախագահը»։

Ընտրվելու դեպքում «Լուսավոր Հայաստան»-ը  խոստանում է ամբողջությամբ փոխել դատական համակարգը։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո ՝ «Պաշտպանիր ինքնությունդ» կարգախոսով։

«Միասնության թևեր» կուսակցություն

Իշխանության գալու դեպքում «Միասնության թևեր»-ը բազմազավակ ընտանիքներին խոստանում է մարզերում անվճար բնակարաններ տրամադրել։ Կուսակցության վարչապետի թեկնածու, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը համոզված է՝ խրախուսելով ծնելիությունը՝ կուժեղացնեն պետությունը։

«Ընտանիքում ծնվեց 4-րդ երեխան, պետությունը հատկացնում է բնակարան մարզում։ Ծնվեց 5-րդ երեխան՝ բնակարան մարզում, ծնվեց 6-րդը՝ նորից բնակարան մարզում։ Սա մեր շատ կարևորը ու հաշվարկված ծրագիրն է ու պարտադիր պետք է իրականացվի, որովհետև մենք պետք է շատ խրախուսենք մեր ընանիքներին, որ շատ ընտանիքներ կազմեն, շատ երեխաներ ունենան։ Մեր բնակչությունը պետք է շատանա, դրանով պետությունն ուժեղանա․ մենք այլ ելք չունենք, սա կարևոր է մեր պետության ապագայի և հասարակության համար»։

Արման Թաթոյանի գլխավորած ուժը ընտրություններին մասնակցում է  6-րդ համարի ներքո։

Leave a Comment