Քաղցկեղածին նյութեր՝ մանկական խաղալիքներում. Ինչպե՞ս ընտրել անվտանգ խաղալիք

Գունագեղ, հետաքրքիր, ուշագրավ․այսպիսին ենք մենք տեսնում երեխաների խաղալիքները։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերջին բացահայտումները, սակայն,  ցույց են տալիս, որ երեխաների ձեռքում հայտնված իրերը կարող են անվտանգ չլինել, երբեն էլ պարունակել առողջության համար խիստ վտանգավոր նյութեր։ Ինչ է պետք իմանալ խաղալիք ընտրելիս, ինչպես է պետք հասկանալ՝ խաղալիքը  վտանգավոր է, թե անվտանգ։

Երբևէ կմտածեի՞ք, որ այն խաղալիքը, որն այս պահին ձեր երեխայի ձեռքում է, կարող է վտանգավոր լինել և առողջության համար վնասակար նյութեր պարունակել։ Ցավոք, սա միայն մտավախություն չէ։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգումները հայաստանյան շուկայում վտանգավոր խաղալիքների խմբաքանակ են հայտնաբերել։  

Տեսչական մարմնի մասնագետները կատարել են «Դինոզավր» անվանմամբ խաղալիքի նմուշառում։ Խոսքը չինական արտադրության ռեզինե խաղալիքների մասին է, որոնք վաճառվել են «Փեթակ» առևտրի կենտրոնում։  Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ բաղադրության մեջ առկա են եղել նյութեր, որոնք ուղիղ  սպառնալիք են երեխաների առողջության համար։

 «Ռադիոլուրի» հետ զրույցում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը մանրամասնում է։

Արթուր Մկրտչյան. «Պարզվել է, որ խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի անվտանգության ցուցանիշներին։ Մասնավորապես, ակրիլոնիտրիլի պարունակությունը, որը պետք է լինի 0,0 հարյուրերորդական, կազմել է 0,09, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում։ Այն օժտված է ընդհուպ մինչև քաղցկեղածին հատկություններով»։

Ցանկացած խաղալիք պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերին, քանի որ գործ ունենք թիրախային խմբի՝ երեխաների հետ։ Ցավոք այս պահին շուկան լիովին վերահսկելի չէ՝ ասում է Մկրտչյանը։ Տեսչական մարմինը ստուգումներ իրականացնում է  միայն այն ժամանակ, երբ խաղալիքներն արդեն շրջանառության մեջ են, իսկ մաքսային պահեստներում դրանք որևէ ստուգման չեն ենթարկվում։

«Սահմանին վերահսկողություն չի իրականացվում, ինչը մեր տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է։ Շատ ցանկալի կլինի, որ ներմուծման պահին կամ մինչև մաքսային պահեստից բաց թողնելը իրականացվեն անհրաժեշտ ստուգումները, և միայն դրանից հետո ապրանքը հայտնվի շուկայում»։

Խնդիրն իրականում նոր չէ, և վտանգավոր նյութերը միայն այս խմբաքանակով չեն սահմանափակվում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ծնողներից մեկը պատմեց, որ վերջերս գնել է «Սլայմ» տեսակի խաղալիք, որն ունեցել է սուր և տհաճ քիմիական հոտ։

Ծնող․ « Խանութներում սլայմեր են վաճառվում կամ նմանատիպ ժելեներ։ Մեկ –երկու անգամ գնել եմ բալիկներիս համար ու նկատել եմ, որ շատ տհաճ հոտ ունեն։  Կարծում եմ, որ դրանք նորմալ բաղադրություն չունեն»։

Ավելի լավ է գնել մեկ հատ, բայց  որակյալը ֆիրմային խանութից, քան անհայտ ծագման մի քանիսը, որոնց վրա նույնիսկ բաղադրությունը գրված չէ՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։

Ծնող․ «Ես շատ սիրում եմ փայտային խաղալիքներ կամ զարգացնող խաղեր։ Կան նաև փազլներ, որոնք համապատասխանում են իմ բալիկի տարիքին։ Ես դրանք եմ գերադասում, դրանք ավելի անվնաս են, քան այդ գունավոր, գերող խաղալիքները, որոնք անգամ չգիտես էլ, թե ինչից են պատրաստված»։  

Խաղալիքի սխալ ընտրությունը վտանգավոր է երեխայի առողջության համար։ Վնասակար նյութերը կարող են երեխայի օրգանիզմ ներթափանցել մի քանի ճանապարհով՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է մանկաբույժ Մարի Դարաքչյանը։

Մանկաբույժ. «Հիմնական ուղին, իհարկե, բերանայինն է, որն ամենահաճախն է հանդիպում երեխաների մոտ։ Երեխաները հաճախ բերանն են տանում խաղալիքները, և այնպիսի նյութեր, ինչպիսիք են կապարը կամ ֆտալատները, կարող են հեշտությամբ անցնել թքի մեջ և ներծծվել։ Սա կարևոր է հատկապես մինչև երեք տարեկան երեխաների համար, քանի որ մարմնի փոքր զանգվածի պարագայում թունավորման ռիսկերը շատ ավելի բարձր են»։

Մանկաբույժի խոսքով՝ խաղալիքի վտանգավորության մասին զգուշացնող նշան է նաև հոտը։

Մանկաբույժ. «Որոշ խաղալիքներ, որոնք ունեն սպեցիֆիկ, սուր և տհաճ հոտ, իրենց մեջ պարունակում են նյութեր, որոնք փակ տարածքում կարող են գոլորշիանալ։ Երեխան, շնչելով այդ գոլորշին, կարող է թունավորվել»։

Եթե երեխան արդեն իսկ շփվել է թունավոր նյութեր պարունակող խաղալիքի հետ, ապա ի՞նչ պետք է անի ծնողը և առաջին հերթին  ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի։

Մանկաբույժ. «Պետք է անհապաղ հեռացնել խաղալիքը, լվանալ երեխայի ձեռքերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև լողացնել նրան (հատկապես, եթե մաշկի մեծ հատվածներ են շփվել այդ խաղալիքի հետ)։ Անհրաժեշտ է օդափոխել սենյակը և հսկել երեխայի վիճակը 24-ից 48 ժամվա ընթացքում»։

Խաղալիքներ գնելիս մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին ուշադրություն դարձնել համապատասխանության գնահատման փաստաթղթին ։ Անհրաժեշտ է ուշադիր լինել, թե ով է ներմուծողը, որ երկրում է արտադրվել ապրանքը, և որ ամենակարևորն է՝ խաղալիքը պետք է պարտադիր ունենա հայերեն մակնշում։

Leave a Comment