Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ԲՏԱ նախարարության կողմից ներկայացված Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում նախարարության անվանումը փոխել և համահունչ դարձնել Նախարարությանը վերապահված նոր գործառույթի՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի կողմից ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-448-Ն օրենքի ընդունմամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը (այսուհետ նաև՝ Նախարարություն) նոր՝ արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացման գործառույթների վերապահմամբ:
Սույն նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած խորհրդակցության արձանագրության 2-րդ կետի 6-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարմամբ, ըոտ որի՝ հանձնարարվել էր դիտարկել արհեստական բանականության թեման Նախարարության անվան և գործառույթների շրջանակերում:
Հիշյալ հանձնարարականի կատարումն ապահովելու համար Նախարարության կողմից ՀՀ վարչապետին առաջարկվել է Նախարարության անվանումը փոխել՝ դարձնելով «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն», որին հաջորդել է ՀՀ փոխվարչապետի 13.01.2026թ. հանձնարարականը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ նախապատրաստելու՝ անդրադառնալով ոչ միայն անվանափոխության, այլև դրան համապատասխան գերատեսչության լիազորությունների վերանայման հարցին: