Վ․Ա․-ին և Հ․Ե․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք զինվորական ծառայության պարտականությունների կատարման ընթացքում վիճաբանել են և միմյանց պատճառել մարմնական վնասվածքներ։ Բացի այդ, Հ․Ե․-ն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել՝ նվաստացնելով Վ․Ա․-ին։ Մայիսի 7-ին Կապանի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել, որը նույն օրը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Վ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ ՍԶ թիվ զորամասի Սյունիք սահմանապահ ուղեկալի պետ, կոչումով՝ մայոր, 2026 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իր աշխատասենյակում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ զորացրման զեկուցագրի շուրջ վիճաբանել է նույն ուղեկալի պետի մարտական գծով տեղակալ, լեյտենանտ Հ․Ե․-ի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ, 158-րդ և ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, կապված զինվորական հարգանքի, վարքի, և կարգուկանոնի հետ, բռնություն է գործադրել ծառայության բերումով իր նկատմամբ ստորադաս (ենթակա)՝ լեյտենանտ Հ․Ե․-ի նկատմամբ՝ նախ իր մոտ գտնվող գրիչը նետել է վերջինիս ուղղությամբ, որը դիպել է Հ. Ե․-ի ձախ աչքի հատվածին, որից հետո քաշքշել և բռունցքով հարվածել է Ե․-ի ձախ աչքի հատվածին՝ պատճառելով ձախ ստորականակապճային շրջանի արյունազեղման, հարականակապճային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ ակնագնդի հետտրավմատիկ կատարակտի, ձախ այտային շրջանի արյունազեղման, վերին կոպի փափուկ հյուսվածքների սալջարդի, վերին շրթունքի արյունազեղման, կզակի շրջանի արյունազեղման, ձախ այտային շրջանի քերծվածքի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Հ․Ե․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ ՍԶ թիվ զորամասի Սյունիք սահմանապահ ուղեկալի պետի մարտական գծով տեղակալ, կոչումով՝ լեյտենանտ, 2026 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, նույն զորամասի Սյունիք սահմանապահ ուղեկալի պետի աշխատասենյակում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ զորացրման զեկուցագրի շուրջ վիճաբանել է նույն ուղեկալի պետ, մայոր Վ․Ա․-ի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ, 158-րդ և ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, կապված զինվորական հարգանքի, վարքի, և կարգուկանոնի հետ, բռնություն է գործադրել ծառայության բերումով իր նկատմամբ պետ հանդիսացող մայոր Վ․Ա․-ի նկատմամբ՝ ձեռքով հարվածել է վերջինիս որովայնի հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչպես նաև այդ ընթացքում լեյտենանտ Հ. Ե․-ը սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով վիրավորանք է հասցրել իր նկատմամբ պետ հանդիսացող մայոր Վ.Ա․-ին՝ այդ կերպ նվաստացնելով Վ.Ա․-ի պատիվն ու արժանապատվությունը։
Վ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Հ․Ե․-ին մեղադրանք է առաջադրվել 519-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: