Խախտված հրադադա՞ր․ Խարկովում ԱԹՍ-ների հարվածից տուժածների թվում՝ 3 տարեկան երեխա կա

Խախտված հրադադա՞ր․ Խարկովում ԱԹՍ-ների հարվածից տուժածների թվում՝ 3 տարեկան երեխա կա

Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է հայտարարված եռօրյա հրադադարը՝ հարվածներ հասցնելով երկրի մի շարք շրջանների, այդ թվում՝ Խարկովին։

Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի հաղորդմամբ՝ մայիսի 9-ի երեկոյան ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են քաղաքի Ինդուստրիալ շրջանում։ Դրանցից մեկը վնասել է ինը հարկանի բնակելի շենքի տեխնիկական հարկը։ Արդյունքում տուժել է հինգ մարդ, որոնցից առնվազն երեքի մոտ արձանագրվել է սուր սթրեսային ռեակցիա։

Հարվածների մասին հայտնել են նաև Դնեպրոպետրովսկի մարզից։ Մարզպետ Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ ԱԹՍ-ներով հարձակման են ենթարկվել երկու շրջաններ։ Սինելնիկովսկի շրջանում տուժել է երեք տարեկան աղջիկ, որը հոսպիտալացվել է՝ միջին ծանրության վիճակում։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերը հայտարարում են, որ մայիսի 10-ի կեսգիշերից հետո արձանագրված 27 անօդաչու թռչող սարքերից բոլորը խոցվել են, և հարվածներ չեն գրանցվել։ Խարկովի դեպքը, ըստ ամենայնի, այդ հաշվետվության մեջ ներառված չէ։

Հիշեցնենք, որ մայիսի 9-11-ը հայտարարված եռօրյա հրադադարը նախաձեռնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ առաջարկը ընդունվել էր թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի կողմից։ Սակայն կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել հրադադարի խախտումների վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment