«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը թեև հայտարարել է, որ վարչապետի իրենց թեկնածուն ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն է, սակայն ընտրացուցակը գլխավորում է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
Ինքը՝ ռուսաստանահայ գործարարը, չի կարող լինել թեկնածու, քանի որ ՀՀ սահմանադրությունը հստակ սահմանում է պատգամավորին ու կառավարության անդամին առաջադրվող պահանջները, այդ թվում՝ վերջին 4 տարվա միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու փաստը։ Մինչդեռ Կարապետյանը ոչ միայն Հայաստանի քաղաքացի է, այլև՝ ՌԴ-ի ու Կիպրոսի։
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը քաղաքականության մեջ նորեկ է. մինչ այս նա եղել է ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը։ Իսկ քաղաքականություն մտավ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո, երբ ստեղծեցին «Մեր ձևով» շարժումը։
Նրան հաջորդում է իրավաբան Արամ Վարդևանյանը, որի անունը նույնպես կապվում է Սամվել Կարապետյանի հետ։ Ավելի վաղ նա եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, երբ վերջինս 2018 թ. կալանավորվեց Մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Դրանից հետո Վարդևանյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկվել էր «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում (25-րդ համարն էր)։ Նա ընտրվել էր ԱԺ պատգամավոր, բայց որոշ ժամանակ անց հրաժարվել էր մանդատից՝ նշելով, որ վերադառնում է իրավաբանական դաշտ։
Երրորդ հորիզոնականում սահմանադրագետ Գոհար Մելոյանն է, որը մինչ քաղաքական գործունեությունը զբաղվում էր իրավաբանությամբ, դասախոսությամբ ու ընտրությունների դիտորդական առաքելությամբ։
Կուսակցության 4-րդ տեղը զբաղեցնում է Դավիթ Ղազինյանը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը։ Մինչ քաղաքականություն մտնելը նա եղել է ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնակատար։ Ի դեպ, Ղազինյանի եղբայրը՝ Արթուր Ղազինյանը, ևս 2021թ. ընդգրկված է եղել Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակում, ընտրվել էր պատգամավոր, բայց նույնպես որոշ ժամանակ անց վայր էր դրել մանդատը։
Հաջորդիվ իրավաբան, գյումրեցի Ռուբեն Մխիթարյանն ու ղարաբաղցի Արեգա Հովսեփյանն են։ Նրանք նույնպես քաղաքական դաշտում նորեկ են և ակտիվացել են Սամվել Կարապետյանի հետ կապված դեպքերից հետո։
Առաջին տասնյակում է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որը Սերժ Սարգսյանի օրոք այդ պաշտոնում ընտրվել էր՝ գլխավորելով ՀՀԿ ցուցակը։ Ասլանյանը 2021-ին ձերբակալվել էր պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով և, շուրջ 2 տարի մնալով կալանքի տակ, ազատ էր արձակվել։
Նրան հաջորդում է Հայկ Ֆարմանյանը, որը եղել է «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ։ Մարիաննա Ղահրամանյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակն է. նա մասնագիտությամբ լրագրող է, աշխատել է «Լոռի» հեռուստաընկերությունում և Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող «5-րդ ալիք»-ում։
Ցուցակում է նաև Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որի անունն էլ կապվում է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հետ։
Կարճ ասած՝ «խառը» ընտրացուցակ է, որտեղ, մի կողմից Ռոբերտ Քոչարյանի, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի ներկա ու նախկին կողմնակիցներն են, նրանց հետ առնչվող մարդիկ, գումարած՝ Սամվել Կարապետյանի մերձավոր շրջապատը։ Պատահական չէ, որ գործող իշխանությունները այս կուսակցության մասին խոսելիս մշտապես հայտարարում են, թե սա թաքնված ՀՀԿ-ն է։
