Քարոզարշավի առաջին օրն անցավ աղմկոտ մեկնարկներով, փոխադարձ մեղադրանքներով ու ընտրողին զարմացնելու փորձերով։ Իսկ երկրորդ օրը քաղաքական ուժերի մեծ մասը փոխեց ոչ միայն խոսույթի, այլև խորհրդանիշների լեզուն։ Մայիսի 9-ին քարոզարշավը ոմանք սկսեցին «Հաղթանակի» զբոսայգուց, ոմանք էլ՝ «Եռաբլուրից», որտեղ հաղթանակի, պատերազմի ու կորուստների թեմաները արագորեն միախառնվեցին ներքաղաքական պայքարին։
Սակայն ընտրություններին մասնակցող քաղաքական ոչ բոլոր ուժերն ընտրեցին այդ խորհրդանշական վայրերը։ Մի քանիսն իրենց քարոզարշավը շարունակեցին այլ հարթակներից՝ նախընտրելով ընտրողների հետ խոսել ոչ թե հիշողության, այլ առօրյա խնդիրների շուրջ։
Եթե քարոզարշավի առաջին օրը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը տարբեր միջոցներ էին ընտրել` գրավելու ընտրողների ուշադրությունը, օրինակ՝ զուռնա-դհոլ, աղ ու հաց, տարբեր խոստումներ ու անգամ «ցեխշպրտոցի», ապա մայիսի 9-ին դրանց մի մասն օրը սկսեց «Հաղթանակ» զբոսայգում կամ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակների առաջին հորիզոնականները զբաղեցնող որոշ գործիչներ նախ խոսեցին օրվա՝ Մայիսի 9-ի խորհրդի մասին, ապա սահուն անցում կատարեցին իրենց առաջարկած քաղաքական օրակարգին։
Լեռնային Ղարաբաղին առնչվող թեմայի համատեքստում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը խոսեց իրենց սխալների մասին։
«Մեր սխալը երևի այն էր, որ մեր երկրի անվտանգությունը վստահեցինք իրենց։ Մեր սխալն օր առաջ պետք է դզենք, որ այլևս չվստահենք մեր երկրի անվտանգությունը, որովհետև ամեն անգամ սխալ կատարելուց հետո իրենք ասում են՝ սա եմ սխալ արել, հետո ասում են՝ ևս մեկ անգամ սխալվեցինք։ Չի կարելի ներել այդքան սխալներ, եթե այդ սխալներն արժեք ունեն, իսկ արժեքը հազարավոր զոհերն են»։
Գործող խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը թիմակիցների ու համակիրների հետ առավոտյան այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողների հարցերին Քոչարյանը չպատասխանեց։Երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքը քարոզարշավը, հիշեցնենք, սկսեց Էջմիածնի հրապարակում, երեկոյան հանրահավաքով։ Շրջանառեցին երկու կարգախոս․ «Միասին կարող ենք» և «Դեպի ուժեղ Հայաստան»։
Քաղաքական մեկ այլ կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իրեն չհամարելով դասական քաղաքական գործիչ, հայտարարեց, որ չի ասի, իր ձևակերպմամբ, արհեստական ու ճոռոմ բառեր։ Նրա ղեկավարած քաղաքական ուժը ընտրողին է ներկայացել «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Ըստ Ծառուկյանի իրենց ծրագիրը կազմել է ժողովուրդը․
«Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց և իրար վիրավորելուց։ Ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն, իրենք զգան, որ գնահատված են ու պաշտպանված և կարողանում են հոգսերը հոգալ ու իրենց խնդիրները կարգավորել։ Մենք պատրաստ ենք դրան, դուք գիտեք, որ մենք ունենք լավ թիմ, ունենք լավ համակիրներ, ունենք լավ ծրագիր։ Այնպես, որ մեզ մնում է, որ մենք կարողանանք այս կարճ ժամանակահատվածում Հայաստանով մեկ տեղյակ պահենք ժողովրդին։ Ներկայացնենք խնդիրը, պրոբլեմն ու մեր ծրագիրը»։
Երկրում առկա խնդիրներին «Հաղթանակի» զբոսայգում անդրադարձավ նաև «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում ծագած խնդիրների մասին։
«Ռուսաստանի հետ հարաբերություններում կա՞ն խնդիրներ, կան։ Ռուսաստանի հետ հարաբերությունները հեշտ չեն, և մենք չպետք է դրանց նայենք՝ որպես հեշտ հարաբերություններ․մենք դրանք պետք է իրենց բոլոր բարդություններով հասկանանք։ Խնդիրները եղե՞լ են այս իշխանության քաղաքականության պատճառով, այո՛, եղել են նրանց պատճառով»։
Սակայն Թաթոյանը մի քանի հարց ունի հենց ռուսական կողմին։
«Արցախում, երբ խաղաղապահ զորագունդը կար, մեր հայրենակիցներն այնտեղ էին։ Ինչու՞ մեր հայրենակիցերը չպաշտպանվեցին։ Ջերմուկի և Սյունիքի հարձակման ժամանակ ինչու՞ այդքան ֆորմալ ու ձևական պատճառաբանությամբ Հայաստանին աջակցություն չցուցաբերվեց։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններ են պետք»։
«Հաղթանակ» զբոսայգին որպես քարոզարշավի երկրորդ օրվա մեկնակետ էր ընտրել նաև առաջին նախագահի առաջնորդած «ՀԱԿ»-ը։ Քաղաքական այս ուժի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, խոսելով հաղթանակների մասին, պատասխանեց լրագրողների հարցին, թե իրենց ուժն ինչպե՞ս է պատկերացնում այդ հաղթանակների վերականգնումը։
«Մենք մի ամբողջ ռազմավարական ծրագիր ենք ներկայացրել, որտեղ ներկայացրել ենք ռազմավարական լուծումներ։ Որովհետև բոլոր քաղաքական ուժերը գալիս են ու ասում՝ այս կանենք, այն կանենք, մարդկանց կյանքը կբարելավենք։ Շատ լավ, իսկ ձևն առաջարկո՞ւմ եք։ Մեր ամբողջ ծրագիրը հենց գործիքակազմ է։ Ձև՝ ինչպե՞ս մենք պետք է լուծենք այդ խնդիրները»։
Խնդիրների լուծման, դրանց իրագործման ձևերի առաջմղման ու տարբեր ոլորտներում հաղթանակների գրանցումից խոսեց գործող կառավարությունում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
«Մենք որ գանք իշխանության, առաջինը դիվանագիտական դաշտում հաստատ հաղթելու ենք։ Ես չեմ խոսում իմ մասին, ես չեմ ուզում այդ քաղաքական էգոիզմը բերել այստեղ․ ես խոսում եմ մեր ազգի մասին, որ մեր ազգը հաղթել է և հաղթելու է, էլի է հաղթելու»։
Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ հաղթանակի գլխավոր գրավականը այդ հաղթանակին հավատալն ու դրա ուղղությամբ աշխատելն է։
Ի տարբերություն մյուս ուժերի, «Քաղաքացիական պայմանագիր»-ն իր քարոզարշավը սկսեց ու շարունակում է հանրապետության հարավում՝ Սյունիքի մարզում։ Քարոզարշավին մասնակցելու համար արձակուրդում գտնվող վարչապետն ու նախարարները հանդիպումների օրակարգում ընդգրկել են հնարավորինս շատ բնակավայրեր։ Նրանք նաև ակտիվորեն լուսաբանում են իրենց հանդիպումները առցանց հեռարձակումներով․
«Սիրելի՛ հայրենակիցներ, հիմա մենք հասնում ենք Մեղրի, հետո Ագարակ։ Մեր այսօրվա առաջին կանգառը Ագարակում է, հետո Մեղրի, հետո Քաջարան, հետո օրվա վերջում Կապան։ Իսկ մինչ այդ ուզում ենք արտահայտել մեր սերը բոլորիդ նկատմամբ և լավ օր մաղթել, գնացի՜նք»։
Այսպիսին էր խորհրդարանական ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերի մի մասի նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը։