Խելացի քաղաքից դեպի խելացի աղբահանություն․ հայ երեխաների նորարար նախագիծը

eTwinning ծրագրի մասնակից  հայ դպրոցականները մշակել են արհեստական բանականությամբ աշխատող խելացի աղբահանության ծրագիր։ eTwinning-ը  տարբեր երկրների դպրոցների միջև համագործակցության առցանց  հարթակ է, որը հնարավորություն է տալիս միասին կրթական նախագծեր իրականացնել։

eTwinning ծրագրի միջոցով տարբեր երկրների դպրոցներ կարող են միասին աշխատել նույն նախագծերի վրա, նույնիսկ եթե իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու են։ Ողջ գործընթացն առցանց է․  աշակերտներն այդպես ստեղծագործական աշխատանք են կատարում, գաղափարներ են փոխանակում և նույնիսկ նոր ընկերներ են ձեռք բերում այլ երկրներից։

Երեւանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցի տնօրեն, 2017թ. eTwinning-ի դեսպան Կարինե Կոստանյանն ասում է՝ սովորելն այսպես ավելի հետաքրքիր է։ Կոստանյանը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են դարձել այդ համայնքի անդամ։

«Մի քիչ ուսումնասիրեցի, սկսեցի նախագիծ իրականացնել: Վերապատրաստումից հետո երրորդ դասարանի աշակերտների հետ նոր, շատ գեղեցիկ նախագիծ իրականացրինք: Մեր բալիկները հայկական տիկնիկ էին գործել, որը փոստով ուղարկել էինք մեր 4 գործընկերներին, իրենք ազգային բաղադրիչ էին ավելացրել, հետո տիկնիկը մեզ էին վերադարձրել»։

Կարինե Կոստանյանի խոսքով՝  մեր աշակերտներն իրենց  ակադեմիական գիտելիքներով գերազանցում են  այլ երկրների իրենց հասակակիցներին, սակայն զիջում են այդ գիտելիքն օգտագործելու հմտություններով, իսկ նման նախագծերն այդ հնարավորությունը տալիս են:

Դպրոցի ներկայացրած վերջին նախագիծը վերաբերել է  խելացի քաղաքներին։

«Յուրաքանչյուր գործընկեր երկիր ուսումնասիրում է իր երկրում կառուցվող խելացի քաղաքները կամ որեւէ տարածք, որտեղ օգտագործվում են նոր տեխնոլոգիաներ: Մեր սովորողները Երեւանի Բագրևանդ թաղամասի վերաբերյալ են աշխատանք կատարել: Նրանք կապվել էին եւ կառուցապատողի հետ, եւ Երեւանի քաղաքապետարանին էին գրություն ուղարկել, որ միջնորդի կառուցապատողի հետ աշխատելու հարցում: Մեր սովորողները գնացել, ուսումնասիրել են, թե ինչպես է ամեն ինչ արվում, այնուհետեւ ուսուցիչների հետ պատրաստել են խելացի քաղաքի մակետը: Մեր մյուս գործընկերները նույնպես նման մակետ են պատրաստել: Մեր նախագծի առանցքում  խելացի աղբահանությունն էր: Մենք արհեստական բանականության կիրառմամբ ծրագիր մշակեցինք աղբի վերամշակման մասին»։

Նախագծի ողջ ընթացքում ՝ թաղամասի ուսումնասիրությունից մինչև մակետի ստեղծում, աշակերտները ներգրավված են եղել հետազոտական աշխատանքներում։

Նմանատիպ նախագծեր իրականացվել են նաև այլ երկրներում․ օրինակ՝ Վրաստանի աշակերտներն ուսումնասիրել են կայանատեղիների համակարգը, իսկ Սերբիայի երեխաները  կենցաղային պարզ հարցերի  լուծումներ են առաջարկել։

Կարինե Կոստանյանը նշում է, որ այս նախագծերը կարող են բիզնես գաղափարների հիմք դառնալ, և դրանցից մի քանիսն արդեն ներկայացվել են քաղաքային իշխանություններին։

Երևանի թիվ 50 հիմնական դպրոցը ներկայացնող մանկավարժ, eTwinning-ի դեսպան Հայկուհի Խաչատրյանի խոսքով՝ հայաստանյան նախակրթարաններից մեկի սաները հաղթել են համաեվրոպական մրցույթում։

Ծրագրի շրջանակում նա համագործակցել է Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի ուսուցիչների հետ։ Չտիրապետելով  անգլերենին՝ ժամանակի ընթացքում սովորել է հաղորդակցվել այդ լեզվով և օգտագործել թվային տարբեր գործիքներ։

Զրուցակիցներս  նշում են, որ նման նախագծերը  զարգացնում են թիմային աշխատանքը, ստեղծագործ մտածողությունը և տեխնոլոգիաների կիրառման հմտությունները։

Ծրագրի առանձնահատկություններից մեկն էլ ներառականությունն է, քանի որ դրանում կարող են ներգրավվել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։

Leave a Comment