Իսրայելի և Լիբանանի պաշտոնյաները մայիսի 14-15-ը Վաշինգտոնում կանցկացնեն «մանրամասն քննարկումներ»՝ «համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի» կնքման նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտը։
«Այս քննարկումները կմշակեն երկարատև խաղաղության և անվտանգության, Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության լիակատար վերականգնման, սահմանների սահմանազատման և Լիբանանում մարդասիրական օգնության և վերակառուցման կոնկրետ ուղիների ստեղծման վերաբերյալ համաձայնագրերի շրջանակ», – գրավոր հայտարարության մեջ նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։
«Միացյալ Նահանգները ողջունում է երկու կառավարությունների հանձնառությունը այս գործընթացին և հասկանում է, որ համապարփակ խաղաղությունը կախված է Լիբանանում պետական իշխանության լիակատար վերականգնումից և «Հըզբոլլահի» լիակատար զինաթափումից, որը Վաշինգտոնը որակել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն», – հայտարարել է Պիգոտը։
Երկու կողմերի միջև հանդիպումները տեղի են ունենում Վաշինգտոնում՝ ԱՄՆ վարչակազմի ակտիվ աջակցությամբ։ Ապրիլի 14-ին կայացած խորհրդակցությունների առաջին փուլից հետո համաձայնություն է ձեռք բերվել Լիբանանում հրադադար հաստատելու վերաբերյալ, որը ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ից։ Ապրիլի 23-ին կայացած երկրորդ փուլից հետո հայտարարվել է հրադադարի երեք շաբաթով երկարաձգման մասին։