Արարատում մանկապղծության զազրելի դեպքը մտահոգիչ   փաստերի հրապարակման առիթ է դարձել

 Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության  բացահայտումից հետո իրավապահ համակարգի մի շարք պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ թեև դեպքը բացահայտվել է իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում, մի քանի պատասխանատուներ արագ չեն արձագանքել և հանցավոր անգործության են մատնվել։ Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերին նախորդիվ անդրադարձել էր նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, նա ընդգծել էր, որ նման դեպքերն իրականում ավելի շատ են, քան հանրային հնչեղություն ստացածները, ուշադրություն հրավիրել կանխարգելման մեխանիզմների վրա։

5 պաշտոնանկություն 2 օրում։ Աշխատանքից ազատվել են իրավապահ համակարգի մի շարք պաշտոնյաներ՝ Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ Արմեն Մկրտչյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը: Այս բոլոր մարդկանց վարչապետը նախօրեին անպատասխանատու էր անվանել՝ Վեդիում աղմկահարույց դեպքի՝ անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքը բացահայտելու գործում․

«Իհարկե, անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք։ Մի մասին հեռացրել ենք արդեն, ի դեպ։ Բայց այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում»։

Դեպքի մասին առաջինն ահազանգեցին լրագրողները, իսկ Փաշինյանի խոսքով՝ իրավապահներն են բացահայտել զազրելի դեպքը, ինչի մասին տեղեկատվությունն արտահոսել է։
Անչափահաս աղջիկների հարազատները լրատվամիջոցներին պատմել էին, որ նրանց հանդեպ սեռական բռնության մասին ահազանգել են իրավապահներին դեռ փետրվարին, սակայն իրավական գործընթացները շատ երկար են ձգվել։ Միայն 2 օր առաջ են բռնարար երկու տղամարդիկ առերեսվել անչափահաս աղջիկներից մեկի հետ, ինչի ընթացքում էլ վերջինս հաստատել է կատարվածը։ «Ինչո՞ւ է նախաքննությունն այդքան ուշացել» հարցին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պատասխանում է՝ դեպքի առթիվ քրեական 2 վարույթ է հարուցվել, առաջինը՝ ապրիլի 22-ին․

«Այսինքն՝ այսօր մայիսի 7-ն է։ Այս ժամանակային կտրվածքը քննության տակտիկական տեսանկյունից և ընդհանրապես, պլանավորման տեսանկյունից մեծ ժամանակահատված չէ,  որովհետև եթե հաշվի առնենք, որ այս ընթացքում դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, իսկ մի օրում չի կարող կատարվել  դատաբժշկական փորձաքննություն, վկաների հարցաքննություններ, առգրավումներ, մեքենաների զննություններ, նմուշների վերցում և այլն։ Այսինքն՝ բազմաթիվ քննչական գործողություններ են կատարվել, և այստեղ նախաքննական մարմինը պետք է որոշակի փաստական տվյալներ, ապացույցներ ձեռք բերի, որպեսզի հիմնավոր կերպով միջնորդություն ներկայացնի հսկող դատախազին»։

Պողոսյանը, միաժամանակ, ընդգծել էր, որ թեմայի զգայունությունը հաշվի առնելով, քրեական վարույթների մասին շատ բան պատմել չի կարող․

«Որովհետև քրեական վարույթը երբ հարուցվում է, կատարում է նախաքննություն, այս առումով մենք առավելագույնս ապահովում ենք, որպեսզի չվնասենք երեխայի լավագույն շահը, և երեխան կրկնակի զոհի կարգավիճակ չստանա, դրա համար ես շատ փակագծեր չեմ կարող բացել»։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, դեպքին անդրադառնալով, իրավիճակն ընդհանուր նկարագրեց՝ խոսելով մտահոգիչ պատկերի մասին․ անչափահասների դեմ ու նրանց մասնակցությամբ  բռնության և մանկապղծության դեպքերը չեն ավարտվում միայն դրանցով, որոնք հանրային արձագանք ու հնչեղություն են ստացել․

«Որոշ ժամանակ առաջ համանման իրավիճակ Գեղարքունիքի մարզում էլ ունեինք, և բազմաթիվ իրավիճակներ ենք ունեցել ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Արարատի մարզում։ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստմանը Երևան քաղաքում և Շիրակի մարզում, և այս ամբողջ ցավալի քարտեզագրությունը միայն այս դեպքում չի, որ ինձ հայտնի է»։

Վարդապետյանի կարծիքով՝ որքան էլ հանցագործների համար խիստ պատիժներ սահմանվեն, այս տեսակի հանցագործությունների բնույթից ելնելով, ավելի կարևոր է դրանց կանխումը և չհանրայնացումը, քանի որ այդպես բռնության ենթարկվածը նաև կրկնակի զոհ է դառնում՝ թիրախավորվելով։

«Մենք խիստ խափանման միջոցների ենք գնում, բայց պետք է ընդգծեմ, որ շատ հաճախ այս արարքները կատարվում են ազատազրկման վայրերից։ Մենք ունենք դեպք, որը ձեզ հայտնի չէ, և քիչ դեպքեր են, որոնք հանրային տարածում են ստանում, որովհետև մենք էլ չենք խրախուսում դեպքերի տարածումը, որպեսզի կրկնակի զոհականացում տեղի չունենա, անձինք գործել են քրեակատարողական հիմնարկից, և ավելին՝ ստացած դրամական միջոցները հետո ինչ-որ տարբերակներով կոնվերտացրել են այլ անձանց միջոցով, ուստի սա մի ամբողջական գործընթաց է, որը անընդհատ է գտնվում մեր ուշադրության ներքո»։

Խորհրդարանական ընդդիմության համար համոզիչ չեն այս պատասխանները։ Քառօրյան ամփոփող ճեպազրույցում «Հայաստան» կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով աղմկահարույց դեպքին և պաշտոնանկություններին, հայտարարեց․

«Անցնող 2 օրերին Ազգային ժողովում՝ գլխավոր դատախազ, քննչական ծառայության պետ, քրտինքը ճակատներին փորձում էին հիմնավորել, որ քննչական գործողություններն արվել են, աշխատել են, արդարացնում էին իրենց ամբողջ համակարգը, մինչև երեկոյան հայտնի դարձավ՝ մարզի դատախազ, ոստիկանության ռեգիոնալ վարչության պետ, քննչական ծառայության պետ, բաժնի պետեր, բոլորին շխկալով պաշտոններից ազատել են։ Սա խոսում  է 2 բանի մասին, որ նրանք թերացել են իրոք  կամ Նիկոլ Փաշինյանի կամակորությունն է։ Ես ավելի շատ ենթադրում եմ, որ իրականում թերացել են, իրականում հանցավոր անփութություն են դրսևորել»։

Մյուս կողմից, պատգամավորի խոսքով, նման դեպքերը ցույց են տալիս, որ հանրության շրջանում կա խնդիր․

«Եւ հասարակության խնդիրն է այդ քաղցկեղը, այդ խոցը մեր հասարակությունից վերացնել»։

Այսօրինակ զազրելի դեպքերի կանխարգելման կարևորության մասին խոսել է նաև վարչապետը։  Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ երբ 2018-19 թվականներին կառավարությունը քաղհասարակության ներկայացուցիչների հետ մանկապղծությունից երեխաներին պաշտպանելու քարոզարշավ էր սկսել, որոշ շրջանակներ քննադատում էին, թե նման թեմաների մասին հանրային խոսույթը վնասում է ավանդական արժեքները․

«Ուզում եմ հիշեցնել, որ նման դեպքերի պատասխանատուն նաև այն մարդիկ են, ովքեր քաղաքացիական հասարակության և կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին և դեմոնիզացվում են՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության և կրթական աստիճանը բարձրացնել,  որովհետև, ես վախենամ, էդ դեպքերը ծավալով ավելի մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք։  Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կան, որոնք տասնամյակով են այդ երևույթների դեմ պայքարում, և նրանք անընդհատ լրատվամիջոցների և քաղաքական ուժերի թիրախում են, որպես ապազգային, որպես մեր ավանդական արժեքների դեմ գործող կազմակերպություններ»։

Անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցածի գործով երկու անձ կալանավորվել է երկու ամսով։ Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ «խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը»։

Մանկապղծության զոհ դարձած աղջիկների ընտանիքում հինգ երեխա է մեծանում, նրանցից ոմանք հատուկ կարիքներ ունեն։ Ընտանիքի մայրը լրատվամիջոցներին պատմել է, որ սեռական բռնության մասին ահազանգը դպրոցից են ստացել։ Թեև բռնության դեպքերը դպրոցում չեն եղել, դպրոցի անձնակազմն է նկատել մտահոգիչ իրավիճակներ երկու աշակերտուհիների շուրջ: Ծնողները, հորեղբայրը, հորաքույրը պնդել են՝ քույրերի հանդեպ սեռական բռնություն եղել է, դպրոցը ձայնային հաղորդագրություններ ու տեսագրություն ունի:

Leave a Comment