
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզարշավը սկսեց Սյունիքից, որտեղ այսօր ու վաղը կհանդիպեն ընտրողներին։
Իշխանականները Երևանից դատարկաձեռն չէին գնացել. Քարտեզ ու բուկլետ՝ մեծերին էին բաժանել, երեխաներին՝ թխվածքաբլիթ։
ՔՊ գլխավոր քարոզիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նա Հայաստանի քարտեզ է բաժանել, զրուցել մարդկանց հետ և դիմել հավաքվածներին.
«Մեր պատմության մեջ, ցավոք, հաճախ է եղել, որ մենք նահատակներ ենք ունեցել։ Վերջնարդյունքում դժվար է եղել ձևակերպել՝ լավ, մենք ի՞նչ ստացանք։ Այսօր ես ձեզ ասում եմ՝ ինչ ստացանք։ Մենք ստացանք՝ ապագա։ Ապագա, որը ոչ թե յոթ սարի հետևում է, այլ ապագան այստեղ է, հիմա է։ Ապրելու հնարավորություն ստացանք, պետություն լինելու հնարավորություն ստացանք և ամենակարևորը՝ այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հնարավորություն ստացանք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
5 տարի առաջ ՔՊ-ն հայաստանցիներին խոստանում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանում, հումանիտար խնդիրների լուծում։ Նաև այդ առաջարկով խորհրդարանի մեծամասնությունը վերցրած ուժը 2022-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, 2023-ին ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափվեց, 19 գերիներ դեռ ադրբեջանական բանտերում են, իսկ ԼՂ-ում եկեղեցիների քանդումը, կարծում է վարչապետ Փաշինյանը, Հայաստանը չպիտի դարձնի միջազգային քննարկման առարկա։
Այսօր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միայն նախաստորագրված է, Ադրբեջանն այն ստորագրելու համար Հայաստանի սահմանադրության փոփոխություն է պահանջում։ Իսկ սահմանազատումը 2 տարի է՝ տեղից չի շարժվում, դրան զուգահեռ ապաշրջափակման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Երևանն ու Բաքուն առևտուր են սկսել, Ադրբեջանն իր տարածքով նաև Ռուսաստանից եկող բեռների տարանցումն է բացել։
Արդեն 8 տարի իշխանության ղեկին գտնվող ՔՊ-ի հիմնական կոչն այս ընտրություններում խաղաղությանը տեր կանգնելն է։
Սահմանին կրակոցներ ու զոհեր չկան, խաղաղությունը, ըստ իշխանականների, հաստատվել է։
Անգեղակոթում Փաշինյանը Սյունիքից դեպի Նախիջևան ճանապարհի բացման թեման արծարծեց։ Տղամարդկանցից մեկը մատնացույց արեց գյուղի պանթեոնը։
«Իսկ ի՞նչ եք մտածում, այստեղով ճանապարհ կա, չէ՞, դեպի Նախիջևան… Էդ ճանապարհի բացման մասին ի՞նչ կարծիքի եք։ Թող ճամփան բաց լինի, կամաց-կամաց… Մեր պանթեոնների առաջ ծնկի ենք գալիս, բայց ճանապարհը թող բաց լինի։ Կյանքը ցույց կտա»,- ասել է Փաշինյանը Անգեղակոթի բնակիչներին։
Թոշակների բարձրացում տարեվերջին բյուջեով չնախատեսվեց, սակայն ընտրություններին ընդառաջ 10 հազարով, այնուամենայնիվ, ավելացավ։
Քարոզարշավի առաջին օրը իշխանությունն ակտիվորեն անդրադառնում է ոչ միայն թոշակների, այլև առողջապահության ապահովագրության թեմային, որը դարձյալ ընտրական տարում ներդրվեց։ Իշխանությունը շեշտում է նաև նոր վերանորոգված ճանապարհների թեման։
«Անգեղակոթի ճամփան մեկ Բրեժնևն ա ասֆալտ արել, մեկ՝ ես»,- հպարտորեն նշել է Փաշինյանը։
Այսօրվանից 15 հոգանոց կառավարության 12 անդամներ՝ վարչապետի գլխավորությամբ, տարբեր ժամկետներով արձակուրդ են վերցրել, ամենաերկարը հենց քարոզարշավը առաջնորդող Փաշինյանը կլինի արձակուրդում։ 29 քարոզարշավային օրերից 28-ը միայն մայիսի 28-ին կլինի՝ Հանրապետության տոնին կվերադառնա աշխատանքի։
Երեկ հանրապետության նախագահը հաջողություն է մաղթել իրեն այցելած ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին և, ինչպես ձևակերպել է, բոլոր այն ուժերին, ովքեր օրենքով կշարժվեն։
Մյուս քաղաքական ուժերը, սակայն քարոզարշավից առաջ նախագահի ընդունելությանը չեն արժանացել։