Ազգային ժողովը մայիսի 7-ին քննարկել է 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումն ու Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտնել է, որ տարեցտարի էապես ավելացել է ՄԻՊ-ին ուղղված դիմում-բողոքների թիվը: Եթե 2024 թվականին ստացվել է 19.781 դիմում-բողոք՝ գրավոր եւ բանավոր, ապա 2025 թվականին դրանք ավելացել են՝ կազմելով 22.655:
«2025 թվականին շատ բարձր ցուցանիշ է գրանցվել ՄԻՊ-ի առաջարկները տարբեր պետական մարմինների կողմից կատարելու առումով»,- հաջորդիվ ընդգծել է Անահիտ Մանասյանը եւ հավելել, որ այդ թիվը 2025 թվականին կազմել է շուրջ 70 տոկոս:
Պաշտպանը նշել է, որ բողոքների շեշտակի աճ է գրանցվել որոշ կառույցների գործունեության կապակցությամբ: Բողոքներ են ստանում նաեւ դատական իշխանության մարմինների գործունեության առնչությամբ, թեեւ իրենք անընդհատ իրազեկում են, որ լիազորություն չունեն միջամտելու դատական մարմինների գործունեությանը: 2024 թվականին այս ոլորտի վերաբերյալ ստացված 240 դիմում-բողոքի համեմատ 2025 թվականին ստացվել է 382 դիմում-բողոք:
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաեւ այն պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց առնչությամբ ստացած դիմում-բողոքների թիվը կտրուկ աճել է 2025 թվականի ընթացքում: Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությանը վերաբերող դիմումների թիվը 2024 թվականին եղել է 189, իսկ 2025 թվականին՝ 910:
Երեւանի քաղաքապետարանին վերաբերող դիմումները 357-ից հասել են 919-ի:
Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ չնայած օրենքով նախատեսված սահմանափակումներին՝ դատարանների գործունեությանը չմիջամտելու արգելքին, եւ այդ առումով Պաշտպանի կողմից իրականացվող անընդհատ իրազեկումներին, միեւնույն է, ՄԻՊ-ը շարունակել է 2025 թվականի ընթացքում ստանալ բազմաթիվ բողոքներ դատական իշխանության մարմինների գործունեության վերաբերյալ, որոնք 2025 թվականին աճել են 2024 թվականի համեմատությամբ:
ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է երեխաների նկատմամբ բռնությունների կանխարգելման հարցին, մասնավորապես՝ սեռական բնույթի բռնություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առանձին խնդիրների: Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ առաջին անգամ տարեկան հաղորդման շրջանակում անդրադարձ է կատարվել մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունքին ու այդ ոլորտում առկա խնդիրներին:
Նա խոսել է նաեւ Ադրբեջանում ապօրինի պահվող անձանց հարցի մասին՝ ընդգծելով, որ ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն:
Անահիտ Մանասյանը պատասխանել է պատգամավորների բազմաբնույթ հարցերին: Դրանք վերաբերում էին երեխաների կրթության իրավունքին, աշխատանքային իրավունքների խախտումներին, Ադրբեջանում ապօրինի պահվող անձանց եւ այլն:
Խորհրդարանը հաղորդումը եւ զեկույցն ընդունել է ի գիտություն: