Գազայի հատվածում սպանվել է Համասի առաջնորդի որդին

Համասի առաջնորդ Խալիլ ալ-Հայայի որդին սպանվել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով։

Ըստ տեղական աղբյուրների՝ Ազզամ Խալիլ ալ-Հայան երեկ վիրավորում է ստացել Ջաբալիա փախստականների ճամբարում՝ անօդաչու թռչող սարքի հարվածի ժամանակ։

Հիվանդանոցի հաղորդագրությունների համաձայն՝ հարձակման ժամանակ սպանվել է նաև պաղեստինյան զինյալ խմբավորման մեկ այլ անդամ։ Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել է, որ ստուգում են այս տեղեկությունները։

Խալիլ ալ-Հայան Համասի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է և մեկն այն բանագնացներից, որ մասնակցում էր Գազայի հատվածում կայուն խաղաղության հաստատման շուրջ հանդիպումներին։

Համասի խոսնակ Հասեմ Կասեմը dpa-ին ասել է, որ սա ալ-Հայայի չորրորդ որդին է, որը սպանվել է Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով։

Leave a Comment