
Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը՝ Երևանի համար իր բոլոր տնտեսական և քաղաքական հետևանքներով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։
«Եվրամիության բանաձևը պարզ է։ Տարօրինակ է, որ ոչ ոք դա չի հասկանում՝ քամել Հայաստանից մինչև վերջին կաթիլը՝ այն սեփական շահերի համար շահագործելու համար, այդ թվում՝ ռուսաֆոբ և հակառուսական, փոխարենը ոչինչ չտալով, բացի PR հնարքներից», — հայտարարել է Զախարովան։
Մեկնաբանելով Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կարծիք է հայտնել, որ Հայաստանը «իր ղեկավարության հավանությամբ ավելի ու ավելի է ներքաշվում դեպի օտար չափանիշներ և մեխանիզմներ»։ Ըստ նրա՝ խոսքը եվրոպական մշակույթի կամ քաղաքակրթության մասին չէ, այլ «ագրեսիվ եվրաատլանտյան մոտեցումների» մասին։