«Չենք ապրելու ծնկած». ԱԺ նախագահը՝ Բելառուսի նոտայի, ՌԴ-ի հետ հարաբերությունների և Հայաստանի ընտրած ճանապարհի մասին

Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի համատեքստում նոր լարվածություն է նկատվում Ռուսաստանի և Բելառուսի հետ Հայաստանի հարաբերություններում։ Մասնավորապես, Բելառուսի ԱԳՆ է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված Եվրոպական քաղաքական համաժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ, որում նա ասել էր, մեջբերում եմ՝ Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը:

Լրագրողներն այսօր խորհրդարանի խոսնակին այս նոր լարվածության մասին են հարցրել։  Սիմոնյանը կոշտ ձևակերպումներ է արել՝ մասնավորապես, պնդելով, որ Բելառուսը մասնակից է եղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի պլանավորմանը, իսկ Ռուսաստանն այդ ժամանակ առնվազն մենակ է թողել Հայաստանին ու ԼՂ բնակչությանը։

ԵՔՀ-ում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Բելառուսի ԱԳՆ-ն նախընտրական պոպուլիզմ է համարել՝ նշելով, որ Հայաստանում ներքին ճգնաժամ է, իսկ Հայաստանի իշխանությունները իրականությունից կտրված են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում չմեկնաբանեց այս հայտարարությունը։

Նա չի կարծում, որ իր խոսքը հարաբերություններ է փչացնում։ Փոխարենը հիշեցրեց Բելառուսի նախագահի՝ տարբեր ժամանակներում արած հայտարարությունները, որոնք, նրա կարծիքով իրապես են հարաբերություններ վատացրել։

«Ես կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ՝ ՀԱՊԿ-ում գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները։ Շատ-շատ մտածելու բան ունի, թե ինչու՞ է ինքը մտածում Հայաստանի Հանրապետության մասին, այն դեպքում, որ ինքը ասում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ո՞ւր է փախչելու, ո՞ւմ է ընդհանրապես պետք, երբ որ պլանավորում էր Ադրբեջանի հետ հայ ժողովրդի նկատմամբ այդ գործողությունները ռազմական, ինքը լիքը բան ունի մտածելու»։

Սիմոնյանը նկատի ունի 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Այս համատեքստում ԱԺ նախագահը խոսեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Շեշտեց, որ 2020 թվականին Ռուսաստանը, առնվազն, մենակ թողեց Հայաստանին։

Պատասխանելով Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի լույսի ներքո հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին հարցին՝ Սիմոնյանը հակադարձեց հարցով. մի՞թե  Հայաստանը, սեփական շահերը հետապնդելիս, պետք է մշտապես հետ նայի, թե արդյո՞ք Ռուսաստանը չի նեղացել։ «Որքանո՞վ է դա ճիշտ։ Կարծում եմ՝ սխալ է»,- ասաց նա և ավելացրեց՝ երբ Ռուսաստանն իր շահերն է հետապնդում, չի հոգում Հայաստանի շահերի մասին։ Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանն ընդամենն ապահովում է սեփական շահերն ու անվտանգությունը։

«Երբ մենք պատերազմական վիճակում էինք անցյալում Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերությունների մեջ էր և ասում էր՝ մենք անկախ պետություն ենք և բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները: Հայաստանը պիտի ճո՞րտ լինի, իրեն ասե՞ն՝ սրա հետ լավ լինի, նրա հետ լավ չլինի՞»։

Անդրադառնալով Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության ուժեղացման մասին հարցին՝ Սիմոնյանը հայտարարեց, որ չի ցանկանում կտրուկ արտահայտվել, բայց պետք է հասկանալ, թե ինչ է կախվածությունը։ Նրա խոսքով՝ կա՛մ մենք ապրում ենք ծնկած՝ լինի դա Ռուսաստանի, Ֆրանսիայի թե մեկ այլ երկրի կրնկի տակ, չենք անցկացնում ազատ ընտրություններ ու չունենք ազատ լրատվամիջոցներ, կա՛մ էլ փորձում ենք առանց պատերազմների ու թշնամանքի, քաղաքական կամ այլ հարձակումների տեր կանգնել մեր երկրին։

Խնդիրը ոչ թե մի, այսպես ասած՝ «մեծ եղբորը» մյուսով փոխարինելն է, այլ սեփական ազատությունները չզիջելը, ինչը ընտրության հարց է, պարզաբանեց Սիմոնյանը.

«Իհարկե՝ նախկինում մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրություններն անցել են կեղծիքներով, Ռուսաստանը շնորհավորել է։ Այստեղ նշանակել է տեղապահ։ Ուժայինների ղեկավարների մեծ մասը ճշտվել են այդ երկրի հետ։ Քաղաքական ամբողջ ուղեծիրը համաձայնեցվել է և զուգահեռ տարվել է»։

Սա քաղաքական անկախություն չէ։ Մինչև 2018 թվականն անկախություն չի եղել՝ հայտարարեց Սիմոնյանը։ Նա պնդեց, որ 2020 թվականից հետո և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տեսան, որ մեր դաշնակիցը, առնվազն, մենակ թողեց մեզ։

Երևանում անցկացված ԵՔՀ-ի գործնական արդյունքները ստորագրված փաստաթղթերը, համաձայնություններն ու քաղաքական հայտարարություններն են՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով այդ մասին հարցին։ Դիտարկմանը, որ համաժողովում տեսակապով ելույթում Ադրբեջանի նախագահը Բաքվի բանտում պահվող հայերին համարեց պատերազմի հանցագործներ, իսկ ԼՂ բնակիչներին՝ անջատողականներ, սակայն որևէ ձևով դրան արձագանք չեղավ, Սիմոյանը այսպես հակադարձեց.

«ՀՀ-ն իր շահերն այնքան է պահել, որ Ադրբեջանի նախագահը նախ՝ ելույթ է ունենում, և երկրորդը՝ այդ ելույթում խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին։ Ինչ վերաբերում է ասելիքներին. դրանք այնքան ենք ասել, որ եկել ենք հասել նրան, որ ունենք խաղաղության պայմանագիր։ Հարաբերությունները հասել են նրան, որ մենք առևտուր ենք անում»։

Խաղաղության չափորոշիչը սահմանում մեր երախաների չզոհվելն է, երկուստեք քաղաքական ագրեսիվ հայտարարություն չանելն է՝ ասաց խորհրդարանի խոսնակը։ Բաքվում պահվող հայերի վերաբերյալ դիտարկմանն ի պատասկան էլ Սիմոնյանը կատարած աշխատանքի արդյունքը վկայակոչեց. հաստատված 200 գերիներից վերադարձել են 181-ը։

Ընդամենը 19 հոգի են մնացել, որոնց վերադարձնելու ուղղությամբ գրեթե ամենօրյա աշխատանքներ են տարվում՝ վստահեցրեց։ Այս հարցի հետ կապված ընդդիմության մեղադրանքներին հակադարձելով՝ Սիմոնյանը շեշտեց, որ հենց նրանց պատճառով է, որ մեր հայրենակիցները ադրբեջանական բանտում են։

«Այնպես որ՝ այդ մարդիք, ովքեր մեզ հիմա քննադատում են, թող լռեն։ Թողեք այդ մարդկանց հետ բերենք, ինչպես որ բերում ենք։ Հերիք է քաղաքական շահարկումներ անեք, դժբախտության, մարդկանց ցավի վրա «աչոկ» հավաքեք»։

Սիմոնյանը վերահաստատեց միտքը, որ ընդդիմադիր գործիչները պատերազմ հրահրելու խոսույթ են առաջ տանում, ընդ որում, խորհրդարանի խոսնակի ձևակերպմամբ, դրսից տրված մոտիվներով։ 

Leave a Comment