ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իտալիա և Վատիկան կատարելիք իր առաջիկա այցերի ընթացքում նախատեսում է քննարկել քրիստոնյաների հալածանքները և Լիբանանում տիրող իրավիճակը։
Նա նշել է, որ Վատիկանը ներկայացված է ավելի քան 100 երկրներում, և ԱՄՆ-ը Սուրբ Աթոռի հետ քննարկում է կրոնական ազատության և աշխարհի տարբեր շրջաններում քրիստոնյաների հալածանքների հետ կապված բազմաթիվ հարցեր։
«Այսպիսով, մենք շատ բան ունենք քննարկելու նրանց հետ, և ես բավականին ակտիվորեն ներգրավված եմ նրանց հետ այս հարցերի շուրջ։ Մեզ համար բնական է պահպանել կապը նրանց հետ։ Եվ այլ պետքարտուղարներ անցյալում դա արել են», – ասել է նա։
ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը հերքել է լրագրողների ենթադրությունները, որ Իտալիա կատարելիք իր այցը կապված է ԱՄՆ նախագահի՝ վերջերս արված հայտարարության հետ՝ Հռոմի կողմից ՆԱՏՕ-ի շրջանակներում իր պարտավորությունների կատարման վերաբերյալ դժգոհության մասին։
«Իտալացիները բավականին երկար ժամանակ զբաղվել են լիբանանյան ոստիկանության և նրանց ուժերի մարզմամբ։ Այսպիսով, մեզ շատ հետաքրքիր կլինի լսել նրանց կարծիքը այս հարցի վերաբերյալ», – ասել է Ռուբիոն։