Փորձագետները թերահավատ են Հորմուզի նեղուցի բացման ԱՄՆ-ի նոր գործողության հարցում

ԱՄՆ-ի «Project Freedom» («Ազատություն» նախագիծ) գործողությունը, որի նպատակն է ռազմական հակամարտության պատճառով արգելափակված նավերը դուրս բերել Հորմուզի նեղուցից, դժվար թե կարողանա վերականգնել լիարժեք նավարկությունն այդ կարևոր ջրային ուղով, հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով Verisk Maplecroft միջազգային վերլուծական ընկերության փորձագետին։

«Նավագնացային և ապահովագրական ընկերությունները պետք է սպասեն և տեսնեն, թե ինչպես դա կաշխատի: Այս նախաձեռնությունն ինքնին չի բերի նրան, որը Հորմուզի նեղուցը բացվի»,- հեռուստաալիքը մեջբերել է ընկերության Մերձավոր Արևելքի գծով գլխավոր վերլուծաբան Թորբյորն Սոլտվեդտի խոսքերը։

Sky News-ը վկայակոչել է նաև գերմանական Hapag-Lloyd կոնտեյներային օպերատորի հայտարարությունը, որում ընկերությունն ընդունում է, որ նավարկությունը Հորմուզի նեղուցով առայժմ անհնար է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մայիսի 4-ի առավոտյան Միացյալ Նահանգները կսկսեն Project Freedom գործողությունը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ առաքելությունը կենտրոնացած կլինի նեղուցից նավերի անվտանգ դուրսբերման վրա։ Նա նաև սպառնացել է պատասխան ուժ կիրառել, «եթե այդ հումանիտար գործընթացը ենթարկվի որևէ միջամտության»:

Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։

Leave a Comment