Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում է։ Նա այցելեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ՝ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկներ դրեց` հարգանքի տուրք մատուցելով նահատակներին։
Այնուհետև Մակրոնը կարճ շրջայց կատարեց Գյումրու կենտրոնական փողոցով։ Շրջայցի ընթացքում, չնայած անվտանգության ծառայության խիստ վերահսկողությանը, բազմաթիվ քաղաքացիներ փորձում էին շփվել նրա հետ թեկուզ հեռվից` ժպիտներով, ողջույններով ու համբույրներ փոխանցելով։
Նկատելի էր, որ Մակրոնը բավականին հուզված էր նման ջերմ ընդունելությունից։ Ուշագրավ էր, որ այդ ընթացքում քաղաքացիներից մեկը կանչում էր Ֆրանսիայի նախագահի կողքին կանգնած Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Պարոն վարչապետ, կը՞ռնամ չերեզ քեզ, նվեր տամ Մակրոնին»։ Ու չնայած Փաշինյանը անպատասխան թողեց քաղաքացուն, մեր հարցին, թե ի՞նչ էր փոխանցելու, տղամարդը չցանկացավ ասել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Գյումրի ուղղաթիռով։ Նրա այցին զուգահեռ, քաղաքի Յոթ վերք եկեղեցու բակում մի խումբ գյումրեցիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի աջակցություն Միքայել Սրբազանի։ Սակայն Մակրոնը շրջանցեց այդ հատվածը՝ ուղևորվելով այլ ուղղությամբ։
Նախատեսված էր, որ նա այցի շրջանակում կայցելի թիվ 10 ֆրանսիական թեքումով դպրոց, սակայն լրագրողներին տեղեկացրեցին, որ այդ այցը հետաձգվել է՝ նախագահի խիստ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով։
Այսպիսով, բողոքի ակցիայի մասնակիցները հնարավորություն չունեցան հանդիպելու Մակրոնին։