«Լռության ռեժիմ» և «հաղթանակի հրադադար». Մոսկվա-Կիև հայտարարությունների բախումը՝ Երևանի համաժողովի ֆոնին

Ռուսաստանի կողմից մայիսի 9-ի առիթով հայտարարված միակողմանի հրադադարը և դրան ի պատասխան Ուկրաինայի «լռության ռեժիմը» միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են, թեև հրապարակումներում ներկայացվում են հակասական գնահատականներ՝ ընդգծելով կողմերի փոխադարձ անվստահությունն ու քաղաքական հաշվարկները։ Թեման քննարկվել է նաև Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի կապակցությամբ նախատեսվում է հրադադար մայիսի 8-ից 9-ը։ «Հույս ունենք, որ ուկրաինական կողմը կհետևի այս օրինակին»,-նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հիմնված է նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման վրա։ Մոսկվայում մայիսի 9-ի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը որոշումը բացատրել է «ընթացիկ օպերատիվ իրավիճակով»։ 

Սակայն Կիևի արձագանքն այլ տրամաբանությամբ էր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ հրադադարի որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել, ինչի մասին խոսում է ռուսական կողմը։ Միաժամանակ, Զելենսկին հայտարարել է սեփական նախաձեռնությամբ, իր ձևակերպմամբ, «լռության ռեժիմ» սահմանելու մասին։ Զելենսկին իր տելեգրամյան էջում նաև ընդգծել է.

«Մենք համարում ենք, որ մարդկային կյանքն անհամեմատ մեծ արժեք է, քան որևէ տարեդարձի «տոնակատարություն»։ Այդ պատճառով հայտարարում ենք լռության ռեժիմ՝ մայիսի 5-ից մինչև մայիսի 6-ը՝ սկսած գիշերվա ժամը 00:00-ից և պատրաստ ենք գործել հայելային սկզբունքով»։

Deutsche Welle-ն ուշադրություն է հրավիրում ռուսական կողմի ուղերձների կոշտ հռետորաբանության վրա՝ հրադադարի հայտարարությանը զուգահեռ նկատելով նաև սպառնալիքներ։ Պարբերականը նկատում է.

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միաժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից «տոնակատարության խափանման» փորձերի դեպքում հնարավոր է պատասխան հարված Կիևի կենտրոնին»։

DW-ն նաև ընդգծում է, որ նման նախաձեռնությունները հաճախ դիտարկվում են ոչ թե որպես իրական խաղաղության քայլ, այլ քաղաքական և տեղեկատվական գործիք։ Հղում անելով ուկրաինական պաշտոնյաների դիրքորոշմանը՝ պարբերականը նշում է։

«Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է երկարաժամկետ և անվերապահ հրադադարի, մինչդեռ կարճաժամկետ նախաձեռնությունները դիտարկվում են PR քայլեր»։

Միջազգային լրատվամիջոցները հիշեցնում են նաև, որ նման հրադադարներ նախկինում ևս հայտարարվել են, սակայն ուղեկցվել են խախտումներով ու դրանց մասին փոխադարձ մեղադրանքներով։

Այս զարգացումների ֆոնին թեմային անդրադարձ եղավ նաև Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովում, որտեղ եվրոպական առաջնորդները քննարկում էին անվտանգության և պատերազմի հետ կապված հարցեր։

Ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսեց ինչպես ռազմաճակատում իրավիճակի, այնպես էլ միջազգային աջակցության կարևորության մասին։

 «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շարունակում է նույնքան կատաղի լինել, որքան նախկինում։ Այս ամառ Պուտինը որոշելու է՝ ինչ անել հետո՝ ընդլայնե՞լ պատերազմը, թե՞ գնալ դիվանագիտական ճանապարհով։ Մենք պետք է նրան մղենք դեպի դիվանագիտություն։ Պետք է շարունակենք պատժամիջոցները նրանց դեմ՝ 20-րդ փաթեթը առաջ մղենք։ Հատկապես այն պատժամիջոցները, որոնք միտված են ռուսական նավթին, ռազմարդյունաբերությանը, ռուսական բանկերին։ Պետք է շարունակենք այս ճնշումը»։

Միջազգային պարբերականների փորձագետները նկատել են, որ Զելենսկին իր երևանյան ելույթում լրացուցիչ ընդգծեց, որ հրադադարի շուրջ քննարկումները շարունակում են մնալ ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական և դիվանագիտական պայքարի մաս։

Ընդհանուր առմամբ, միջազգային լրատվամիջոցները ներկայիս իրավիճակը բնութագրում են խորը անվստահությամբ, որտեղ նույնիսկ հրադադարի հայտարարությունները հաճախ ուղեկցվում են փոխադարձ մեղադրանքներով և սպառնալիքներով՝ նվազեցնելով դրանց գործնական արդյունավետությունը։

Leave a Comment