
Ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անարձագանք թողեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որակումները, թե Բաքվում պահվող հայերը ռազմական հանցագործներ են ու անջատողականներ։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանն առաջարկում է բավարարվել Եվրախորհրդարանի նախագահի պատասխանով։
«Գիտեք, որ մենք հյուրընկալել էինք գագաթնաժողովը, Եվրախորհրդարանի նախագահը հնարավորություն ունեցավ արձագանքելու, անդրադառնալու։ Եթե կարիք տեսնեինք, կարձագանքեինք կամ հետագայում, եթե տեսնենք, կարձագանքենք», նշել է իշխող խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին տեսակապով միացած Ադրբեջանի նախագահը ելույթի հիմնական մասը նվիրեց հենց եվրոպացիներին քննադատելուն։
Իր վրդովմունքը հայտնելուն զուգահեռ՝ Ալիևը պնդում էր, թե եվրոպական կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։
Ալիևի մեղադրանքներն ու քննադատություններն անպատասխան չթողեց Եվրախորհրդարանի նախագահը։
«Կարծում եմ, տարաձայնություններ պարունակող հանդիպումները միշտ էլ օգտակար են, բայց ուզում եմ արագ արձագանքել և ընդգծել, որ ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումը, որը որդեգրում ենք», շեշտեց Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից անընդունելի են համարում ՔՊ-ական պատգամավորի պարզաբանումը, թե պետք է հիմք ընդունել եվրոպացի պաշտոնյայի արձագանքը։
Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը լռելով հերթական զիջումն արեց Ալիևին, որպեսզի նախընտրական այս փուլում Ադրբեջանի նախագահն ասի՝ «այո, խաղաղություն է հաստատված»։
«Եվրախորհրդարանի նախագահը գտնվեց իր բարձունքի վրա, պաշտպանեց եվրոպական շահերը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ձախողեց ՀՀ վարչապետ լինելու իր հանգամանքը, և չպաշտպանեց Հայաստանի Հանրապետության շահերը», նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Եվրոպական խորհրդարանն օրերս ընդունած բանաձևով վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին։ Կոչ անելով հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի՝ Եվրոպական խորհրդարանը միաժամանակ դատապարտել էր «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը», պահանջել էր նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Գերիներին ռազմական հանցագործ համարող Ալիևին չպատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, առնվազն փաստում է, որ իր և Ալիևի օրակարգերն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայրենիք վերադարձնելու հարցով համընկնում են։
«Իսկ ով ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կուզենար, որ Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Արայիկ Հարությունյանը այսօր Երևանում լինեին։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը՝ Արցախի հանձնման մասին, հիմնված է իրենց փչած կեղծ փուչիկի վրա, որ Արցախում տեղի ունեցավ հեղաշրջում, և դրա համար Ադրբեջանը գրավեց Արցախը։ Հիմա, որ այդ մարդիկ գային, ասեին՝ նման բան չի եղել, Արայիկ Հարությունյանը կամավոր է հրաժարական տվել, ի՞նչ սուտ էր հորինելու»։
Վարչապետ Փաշինյանն ու թիմակիցները, հակառակը, մշտապես վստահեցնում են՝ բոլոր գերիներին վերադարձնելու հարցով ամեն օր են աշխատում։ ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը չի կարծում, թե Իլհամ Ալիևին չպատասխանելով Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, համաձայնում է նրա գնահատականների հետ։
«Երբ որ կրակոցներ կային, և մենք չէինք պատասխանում, նշանակում է, որ մենք համաձա՞յն էինք այդ կրակոցների հետ։ Ուղղակի մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգը և այս օրակարգով առաջ ենք շարժվում։ Ոչ ոք չի ասում, որ այդ ընթացքում չեն լինելու խոչընդոտներ՝ հայտարարություններ, գործողություններ։ Բայց դա չի նշանակում, որ մենք մեր ուղուց պետք է շեղվենք»։
Հարցին՝ Ալիևն ասում է՝ Բաքվի բանտերում գտնվող հայերը ռազմական հանցագործներ են, Հայաստանի իշխանության դիրքորոշումն ինչպիսի՞ն է, ՔՊ վարչության անդամի պատասխանը միանշանակ չէր։
«Հիմա, ես դրա՞ն պատասխանեմ… Մենք գտնում ենք, որ մեր հայրենակիցները պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն, և ամեն ինչ անում ենք։ Նրանք մեր հայրենակիցներն են, և գտնում ենք, որ նրանք պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն», ասաց իշխանական պատգամավորը։
Ադրբեջանում այժմ 19 գերի է պահվում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները։ Այս օրերին Երևանում տեղի ունեցած երկու գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթերում ոչ մի անդրադարձ չկա ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, ոչ էլ Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցերին, միայն ընդգծվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը աջակցելու կարևորությունը։
Եվրոպացիների հետ քննարկումներում գերիներին վերադարձնելու հարցը հրապարակային չբարձրացրին նաև հայ պաշտոնյաները։