Հայաստանը դարձել է ԵՄ-ի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց. Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը պատմական որակեց:

«Այսօրվա գագաթնաժողովը կարևոր ուղենիշ է Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության խորացման մեջ», – հայտարարեց նա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարության ժամանակ:

«Սիրելի Նիկոլ, Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց դուք արմատապես փոխել եք պայմանները։ Ես ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ժողովրդավարական, դիմակայուն և բարեկեցիկ Հայաստանի ձեր տեսլականի կապակցությամբ։ Դուք նաև խիզախություն և պետական մտածողություն եք դրսևորել՝ գերակայություն վերագրելով խաղաղության և ձեր երկրի համար ավելի լավ ապագայի», – հայտարարեց Կոշտան։

Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծեց՝ կայուն և բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է. «Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղության և նորմալացման գործընթացին»:

Անտոնիու Կոշտան նշեց՝ Հայաստանը դարձել է ԵՄ-ի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց. «ԵՄ-ը Հայաստանի և ավեի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր ու երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում, ավելի ուժեղ տրանսպորտային, էներգետիկ փոխկապակցվածության միջոցով մենք կարող ենք վստահություն խրախուսել, աշխատատեղեր ստեղծել, հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենից արդյունավետ հիմքն է հանդիսանում»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս գագաթնաժողովը պատմական որակեց:

«Գործ ունենք պատմական իրադարձության հետ», -հայտարարեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց՝ «եթե մեզ ընդունեն Եվրամիությունում կլինենք ուրախ ու երջանիկ, եթե ոչ, կլինենք շահած դիրքերում, որովհետև կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխան երկիր»:

Leave a Comment