Իտալիա-Ադրբեջան գործընկերությունը կարևոր է այս բարդ ժամանակաշրջանում. Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին գրառում է կատարել Ադրբեջան կատարած իր այցի վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական APA-ի, Իտալիայի վարչապետը գրառման մեջ նշել է, որ Բաքու է ժամանել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու համար։

«Այս գործընկերությունն ունի կոնկրետ և երկարաժամկետ նշանակություն Իտալիայի համար։ Մենք մտադիր ենք ավելի ամրապնդել մեր նշանակալի համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկայի, անվտանգության, տրանսպորտի և լոգիստիկայի, ներդրումների և քաղաքական երկխոսության ոլորտներում և աստիճանաբար դա վերածել մեր երկրների համար կոնկրետ հնարավորությունների։

Բարդ համաշխարհային զարգացումների ժամանակաշրջանում հատկապես կարևոր են հուսալի գործընկերությունները։ Իտալիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հենց այդպիսի գործընկերություն են», – նշել է Իտալիայի վարչապետը։

Leave a Comment