ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանային խաղաղության կարևոր փուլում է՝ ընդգծելով, որ վերջին երկու տարիներին Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով զոհեր չեն եղել, ինչը նա բնութագրել է որպես աննախադեպ ձեռքբերում Հայաստանի անկախության տարիների ընթացքում։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը սերտորեն աշխատում են խաղաղությունն ամրապնդելու և ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ կարևոր իրադարձություն է նաև այն, որ Ադրբեջանի նախագահն առաջին անգամ մասնակցում է Հայաստանում անցկացվող միջոցառման, թեկուզ հեռակապով։
Փաշինյանը, անդրադառնալով նաև տարածաշրջանային և միջազգային շփումներին, ընդգծել է, որ Թուրքիայի հետ երկխոսության նոր փուլ է սկսվել։ Նա հիշեցրել է, որ իր առաջին հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում, իսկ այժմ Թուրքիայի փոխնախագահը Երևանում է՝ որպես նման մակարդակի առաջին այց։
Վարչապետը շեշտել է, որ բազմաթիվ եվրոպական երկրների ղեկավարներ առաջին անգամ են այցելում Հայաստան, ինչը գագաթնաժողովին տալիս է պատմական նշանակություն։
Նրա խոսքով՝ սա նաև առաջին դեպքն է, երբ Հայաստանը հյուրընկալում է եվրոպական նման մասշտաբի միջոցառում։
Անդրադառնալով միջազգային իրավիճակին՝ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովը կարևոր է նաև գլոբալ համատեքստում՝ հաշվի առնելով աշխարհում առկա լարվածությունները՝ Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։ Փաշինյանը հույս է հայտնել, որ քննարկումները կարող են նպաստել աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդմանը։