Հիմք ընդունելով միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները, Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը եւ միջազգային մարդասիրական իրաւունքի կանոնները` Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, որպէս արցախահայութեան առաջնային լիազօրագրով օժտուած ներկայացուցչական մարմին, սոյն ուղերձով դիմում է Երեւանում կայանալիք համաժողովի մասնակիցներին եւ միջազգային հանրութեանը:
2020 եւ 2023 թուականներին Ազրպէյճանի կողմից իրականացուած ռազմական յարձակումը, որն ուղեկցուել է ցեղասպանական գործողութիւնների ակնյայտ դրսեւորումներով, յանգեցրել է շուրջ 150.000 հայերի բռնի տեղահանմանը իրենց պատմական հայրենիքից: Փաստ է նաեւ այն, որ միջազգային դերակատարների եւ աշխարհաքաղաքական կենտրոնների ոչ համարժէք արձագանգը միանգամայն նպաստաւոր պայմաններ ստեղծեցին ուժի կիրառման եւ մարդկութեան դէմ ուղղուած նոր յանցագործութիւնների համար:
Ներկայումս Ազրպէյճանը, օգտուելով միջազգային հանրութեան լռութիւնից, հետեւողականօրէն իրականացնում է մշակութային ցեղասպանութիւն: Արցախի բռնազաւթուած տարածքներում համակարգուած կերպով ոչնչացւում կամ իւրացւում են հայկական քրիստոնէական մշակութային ժառանգութեան նմուշները` եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանատները, պետականութեան խորհրդանիշ հանդիսացող կառոյցները, ինչը նպատակ ունի վերացնել հայկական հազարամեայ քաղաքակրթական հետքը տարածաշրջանից:
Ելնելով ստեղծուած ճգնաժամային իրավիճակից եւ հաւատարիմ մնալով արդարութեան ու մարդու իրաւունքների պաշտպանութեան սկզբունքներին` Արցախի Ազգային ժողովը պահանջում է.
. Միջազգային կառոյցների կողմից հասցէական գնահատական տալ Ազրպէյճանի կողմից իրականացուած ցեղասպանական քաղաքականութեանը եւ
մշակութային վանտալիզմին` ճանաչելով դրանք որպէս միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտումներ:
. Կիրառել գործուն մեքանիզմներ եւ պատժամիջոցներ Ազրպէյճանի նկատմամբ` կանխելու հայկական պատմամշակութային արժէքների հետագայ ոչնչացումը:
Պահանջում ենք անյապաղ գործուղել միջազգային անկախ դիտորդական առաքելութիւն` Արցախի տարածքում մշակութային կոթողների վիճակը փաստագրելու եւ դրանց պահպանութիւնը երաշխաւորելու նպատակով:
Գործադրել քաղաքական ճնշում Պաքուի նկատմամբ` անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակելու Ազրպէյճանում ապօրինաբար պահուող բոլոր ռազմագերիներին, պատանդներին, այդ թւում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներին:
. Միջազգային իրաւական եւ անվտանգային գործուն երաշխիքների ներքոյ կազմակերպել արցախահայութեան հաւաքական, անվտանգ եւ
արժանապատիւ վերադարձը հայրենի օճախներ` ապահովելով նրանց ինքնորոշման եւ սեփական ճակատագիրը տնօրինելու անկապտելի իրաւունքը:
Լռութիւնը յանցակցութիւն է: Մենք ակնկալում ենք, որ Եւրոպական Միութիւնը եւ քաղաքակիրթ երկրները կը գործեն ոչ թէ հռչակագրային յայտարարութիւնների, այլ գործնական քայլերի տիրոյթում` յանուն արդարութեան եւ տարածաշրջանային կայունութեան:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
3 մայիս 2026