Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու կարգը, պայմանները, շահառուների խմբերը, պահանջվող տվյալների և դրանք տրամադրող պետական մարմինների ցանկը հաստատելու, ինչպես նաև մի շարք կառավարության որոշումներ ուժը կորցրած կամ մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի բարեփոխել պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման համակարգը, ընդլայնել շահառուների շրջանակը և ապահովել ծառայությունների առավել արդյունավետ ու միասնական իրականացում։
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծի մշակման հիմքում ընկած է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման անհրաժեշտությունը։ Գործող կարգավորումներում առկա են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք պայմանավորում են առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը։
Սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ոլորտում առկա են մի շարք բացեր, մասնավորապես՝ շահառուների շրջանակի սահմանափակվածությունը, հրատապ իրավիճակներում հայտնված անձանց համար հստակ կարգավորումների բացակայությունը, վարձակալության մեխանիզմների գործնական անկիրառելիությունը, ինչպես նաև տարբեր հավելվածներով սահմանված գործընթացների մասնատվածությունը։ Բացի այդ, բացակայում են դեպքի վարման հստակ կարգավորումները, ինչպես նաև անհրաժեշտ է վերանայել կացարանով ապահովման ժամկետներն ու արտահերթ տեղավորման հիմքերը։
Նախագիծը նպատակաուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը՝ ապահովելով միասնական ընթացակարգ, թվայնացման տարրերի ներդրում և համայնքների ներգրավվածության բարձրացում։
Ներկայացված կարգավորումներով առաջարկվում է՝
- շահառուների խմբերի վերանայում՝ ընդգրկելով առավել խոցելի անձանց, այդ թվում՝ հրատապ իրավիճակներում հայտնված ընտանիքներ,
- փախստականներ և ընտանեկան բռնության զոհեր,
- կացարանով ապահովման միասնական մեխանիզմի ներդրում՝ ՄՍԾ-ի միջոցով,
- կացարանների տրամադրում հիմնականում անհատույց օգտագործման հիմքով,
- կացարանների բաշխում՝ հաշվի առնելով ընտանիքի կազմը և կարիքները,
- սոցիալական միջամտության անհատական ծրագրի պարտադիր կիրառում՝ շահառուների ակտիվացման նպատակով։
Միաժամանակ նախատեսվում է փորձնական ծրագիր, որի շրջանակում կացարանները կտրամադրվեն մատչելի վարձավճարի դիմաց՝ հատուկ հաշվարկված մեխանիզմով։ Ծրագիրը կիրականացվի Արտաշատ քաղաքում և ներառում է նաև համայնքային մասնակցության նոր գործիքներ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև անցումային դրույթներին, որոնց համաձայն՝ գործող հերթացուցակներում ընդգրկված շահառուները պահպանում են իրենց իրավունքները, իսկ արդեն գործող պայմանագրերը շարունակելու են գործել մինչև դրանց ավարտը։
Ինչի՞ հետ են պայմանավորված նոր փոփոխությունները
Փոփոխությունները պայմանավորված են սոցիալական բնակարանային ապահովման ոլորտում կուտակված խնդիրներով, ինչպես նաև վերջին տարիների զարգացումներով, այդ թվում՝ Արցախից տեղահանված անձանց կացարանային կարիքներով և սոցիալական պաշտպանության նոր մարտահրավերներով։
Ի՞նչ է ապահովում առաջարկվող մոտեցումը
Առաջարկվող կարգավորումները միտված են ապահովելու սոցիալական բնակարանային ծառայությունների հասանելիության բարձրացում, շահառուների ավելի արդար և նպատակային ընտրություն, ինչպես նաև համակարգի ճկունություն՝ տարբեր սոցիալական իրավիճակներին արագ արձագանքելու համար։
Միասնական ընթացակարգի ներդրումը և թվայնացման ապահովումը կնպաստեն գործընթացի թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը, իսկ համայնքների ներգրավումը՝ տեղական մակարդակում խնդիրների առավել արագ լուծմանը։
Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման իրավական դաշտը, ապահովել շահառուների շրջանակի ընդլայնում և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում։
Ակնկալվում է նաև սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության բարձրացում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական ինտեգրման խթանում, ինչպես նաև պետական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում։
Միաժամանակ, փորձնական վարձակալական մոդելի ներդրումը կարող է հիմք հանդիսանալ երկարաժամկետ կայուն բնակարանային քաղաքականության ձևավորման համար։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, մասնավորապես՝ «Մարդկային կապիտալի զարգացում» ուղղությունից, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել բնակարանային խնդիրների լուծմանը միտված ծրագրեր։
Այն համահունչ է նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթին՝ ուղղված սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանն ու քաղաքացիների կենսապայմանների բարելավմանը։
Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ e-draft.am հարթակում՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։