Աշխատանքային հարաբերություններում ինչի՞ց են բողոքում քաղաքացիները․ Մայիսի 1-ը առիթ էր ոլորտի բացերից խոսելու համար

Աշխատանքային փորձի պարտադիր պահանջ, չկարգավորվող աշխատանքային հարաբերություններ, աշխատաշուկայից դուրս մնացած երիտասարդներ․ ոլորտի պատասխանատուները մայիսի 1-ին քննարկել են աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը և լուծումներ առաջարկել։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը նշել է, որ քաղաքացիներն ամենաշատը բողոքում են ենթադրյալ ապօրինի ազատումներից, անարդար վարձրատրությունից։ Դրան զուգահեռ, կարևոր է մնում աշխատավայրում անվտանգ միջավայրի, աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովումը։

Հայաստանում աշխատատեղերի առկայությունը դեռ չի լուծում աշխատանքային իրավունքի հետ կապված բոլոր խնդիրները։ Այսօր ավելի խնդրահարույց է այն, որ շատերն աշխատում են առանց գրանցման, հետևաբար զրկվում են սոցիալական երաշխիքներից, կենսաթոշակային ապահովությունից, հիվանդության կամ դժբախտ պատահարների դեպքում առողջության ապահովագրությունից՝ ասում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը․

«Արժանապատիվ աշխատանք՝ նշանակում է ունենալ ոչ միայն աշխատատեղ, այլ նաև արդար և բավարար վարձատրություն, անվտանգ և առողջ միջավայր, աշխատանքի ու հանգստի հավասարակշռություն, սոցիալական պաշտպանություն, հավասար հնարավորություններ բոլորի համար՝ անկախ սեռից, տարիքից կամ սոցիալական վիճակից։ Այն նշանակում է նաև աշխատողի ձայնի լսելիություն, արհմիությունում միավորվելու իրավունք, կոլեկտիվ բանակցությունների հնարավորություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ»։

Արժանապատիվ աշխատանքը պետք է առանցքային ուղղություն դառնա պետության ռազմավարությունում՝ ասում է Մանասերյանը, հակառակ դեպքում, ըստ նրա, պետությունը մարդկային ռեսուրսներ կկորցնի․

«Եթե մարդը գնահատված է իր աշխատավայրում, նա ավելի արդյունավետ է, ավելի նախաձեռնող, ավելի վստահ երկրի ապագայի նկատմամբ։ Իսկ եթե աշխատող մարդն անտեսված է, անպաշտպան է կամ ստիպված է լքել երկիրը, դրանից տուժում է ամբողջ հասարակությունը»։

Աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի քանակը դեռ մտահոգիչ է։ Սա հաստատում է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը․

«Չի եղել հանդիպում, որ ես մասնակցեմ որպես պաշտոնյա և ինձ չմոտենան աշխատակիցներ, որոնք այդ պահին ունեն աշխատանքային պայմանագիր, որտեղ չի արտացոլվում իրենց պարտականությունները, աշխատավարձը ամբողջությամբ, կամ աշխատանքային ժամերը այլ են գրված։ Ես այս հարցերը միշտ ստանում եմ քաղաքացիներից։ Սրանք հատուկենտ դեպքեր չեն»։

Աշխատանքային բոլոր հարաբերություննեի կարագավորումն ու իրավական դաշտ բերելը պետության առաջնահերթություններից է, ասում է փոխնախարարը․

«Աշխատանքի ֆորմալացումը մենք համարում ենք առաջնահերթ, առանց ֆորմալացման, ուղղակի, հնարավոր չէ խոսել աշխատանքային իրավունքի մասին, և գործատուի տեսակետից էլ ասեմ, ցավոք սրտի, սա հպարտությամբ չեմ ասում, և երբ որպես գործատու և որպես աշխատող ստիպված եմ եղել իրավունքների պաշտպանությունը անցնել և սերտել աշխատանքային օրենսգիրքը դեռ մինչև պաշտոնը ստանձնելը։ Առանց որևէ բանի սահմանման կամ դրա ֆորմանացման, պաշտպանությունից խոսել չենք կարող»։

ՄԻՊ Անահիտ Մանասյանը աշխատանքային իրավունքի խախտումները երկու խմբի է բաժանում․ դեպքեր, որոնք առաջնահերթ են պատասխանատուների համար, և որոնցից ամենաշատն են բողոքում քաղաքացիները․

«Կան ոլորտներ, որոնք, օրինակ, մեզ համար իրապես առաջնահերթ են, բայց դրա հետ կապված քիչ ենք դիմում-բողոքներ ստանում, օրինակ՝ նույն առողջ և անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային միջավայրի հետ կապված խնդիրները, իրապես, Հայաստանում բազմաթիվ են, բայց եթե դիտարկենք մեր ունեցած դիմում բողոքների թիվը, ապա պիտի նշեմ, որ այդ խնդիրները մենք հիմնականում վերլուծում ենք հենց սեփական նախաձեռնությամբ՝ մեր ուսումնասիրությունների արդյունքում, ինչը ցույց է տալիս նաև մեր ընկալումների տարբերությունը՝ աշխատանքային տարբեր հարցերի իրավունքների հետ կապված»։

Քաղաքացիները Մարդու իրավունքների պաշտպանին դիմում են հիմնականում աշխատանքից ենթադրյալ ապօրինի ազատումների դեպքում, վարձատրությանը վերաբերող խնդիրներով․

«Ենթադրյալ ապօրինի ազատումներին կամ աշխատանքի վարձատրության դեպքերը զգալիորեն աճել են» ։

ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ուշադրություն է հրավիրում աշխատանք չունեցող, բայց աշխատունակ մարդկանց համար զբաղվածության ծրագրերին․

«Մենք փորձում ենք նաև ֆինանսական խրախուսման միջոցով գործատուներին մղել նրան, որ աշխատաշուկայից վերցնեն անձանց, որոնք չունեն աշխատանքային փորձ, մրցունակ չեն շուկայում, բայց կարող են դառնալ լավ կադրեր, որովհետև մենք ամեն անգամ այս խնդրին բախվում ենք՝ բոլորն ուզում են աշխատանքային փորձ, բայց որևէ մեկը չի ուզում այդ փորձը ինքը տալ ապագա աշխատողին։ Պետությունը խրախուսում է գործատուին, որպեսզի նա վերցնի ոչ մրցունակ անձանց, և ինքը սովորեցնի»։

Կառավարության 2025-2031 թվականների զբաղվածության ռազմավարության ծրագրում առանձին թիրախային ծրագրեր կան բնակչության բոլոր խավերի համար՝ ընդգծում է Հերիքնազ Տիգրանյանը։ Ըստ պատգամավորի՝ ուշադրության կենտրոնում են հատկապես գլուղերում ապրող և ֆիքսված աշխատանք չունեցողները, երիտասարդները, որոնք դպրոցն ավարտելուց հետո զորակոչվում են և չեն կարող մասնագիտական կրթություն ստանալ։ Առաձին թիրախային խումբ են 18-ից 29 տարեկան երիտասարդները, որոնք ոչ սովորում են, ոչ էլ աշխատում։ Նրանց թիվը Հայաստանում 160 հազար է։

Leave a Comment