«Կարմեն սյուիտ»․ կրքոտ ռիթմեր՝ ֆրանկոֆոնիայի գալա համերգի բեմում

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերն ամփոփվում են բարձրարվեստ երաժշտությամբ։ Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացրել է գալա համերգ՝ միավորելով հայ և ֆրանսիական երաժշտական մշակույթը։ Գալա համերգի առանցքում Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա Ռոդիոն Շչեդրինի ստեղծած հանրահայտ «Կարմեն սյուիտ»-ն էր։

Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում  Հայաստանի պետական կամերային նվագախումբն է, որը երկու ամիս շարունակ հանդիսատեսին հրավիրել է Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգներին։

Առաջին համերգի առաջին նոտան հնչել էր Ֆրանսիայում, իսկ եզրափակիչ ակորդներն արդեն Երևանում են՝ գալա համերգի տեսքով։

Այս համերգին որպես մենակատար հանդես էր գալիս Բելգիայում ստեղծագործող հայ ջութակահար Հրայր Կարապետյանը, որի երաժշտական առաջին քայլերը կապված են հենց այս նվագախմբի հետ։ Տարիներ անց նա վերադարձել է նույն բեմ՝ ելույթ ունենալու իր նախկին գործընկերների հետ։

«17 տարեկանում ընդունվեցի այստեղ աշխատանքի։ Հիմա հետաքրքիր է նորից բեմ բարձրանալ ընկերներիս հետ։ Շատ պատասխանատու է, կարծես քննություն լինի։ Տարիներ անց վերադառնում ես և արդեն հանդես գալիս այս դահլիճում»։

Նվագախումբը ղեկավարում էր Ֆրանսիայից հրավիրված դիրիժոր Ռալֆ Զիգետին, որը Հայաստանում է արդեն երրորդ անգամ և կամերային նվագախմբի հետ աշխատելու փորձ ունի։

«Այստեղ հավաքված են հրաշալի մարդիկ, պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնք պատրաստ են անընդհատ աշխատել։ Ուրախ եմ, որ այս համերգի ղեկավարումը վստահել են ինձ։ Հրայրի հետ էլ առաջին անգամ չէ, որ համագործակցում ենք կես խոսքից ու հայացքից իրար հասկանում ենք»։

Հենց համերգի ընթացքում հնչեց նաև էքսպրոմտ կատարում՝ Շառլ Ազնավուրի երգացանկից։ Դիրիժորի խոսքով՝ այդ ստեղծագործությունը հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր խորհրդանիշներից է։

Գալա համերգի առանցքում Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա ստեղծված հանրահայտ «Կարմեն սյուիտ»-ն էր։ Հեղինակը Ռոդիոն Շչեդրինն է։

Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում անցկացվում են երկու ամիս՝ ներառելով համերգներ, ցուցահանդեսներ, կինոդիտումներ, գիտաժողովներ և կրթական ծրագրեր։ Նախաձեռնությունը համախմբում է ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչներին՝ նպաստելով մշակութային կապերի զարգացմանն ու նոր գործակցությունների ձևավորմանը։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի խոսքով՝ երկամսյակը կարևոր դեր ունի ինչպես դիվանագիտական հարաբերությունների զարգացման, այնպես էլ ֆրանկոֆոն երկրների մշակութային ներուժը ներկայացնելու գործում։

«Կարծում եմ՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի հանդիսատեսի կողմից բավականին մեծ հետաքրքրություն և դրական արձագանք կա։ Մեզ համար ամենակարևորն ունկնդրի հետաքրքրությունն է բարձրակարգ երաժշտության նկատմամբ։ Մենք հաճախ ենք ներկայացնում արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հայաստանում բնակվող կամ այդ պահին Հայաստանում գտնվող զբոսաշրջիկներին էլ է դա դուր գալիս»։

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հավելում է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որը միավորում է ավելի քան 90 երկիր, կարևոր հարթակ է մշակութային փոխանակման համար։ Նրա խոսքով՝ այս համագործակցությունը ոչ միայն հնարավորություն է տալիս ծանոթանալ այլ երկրների մշակույթին, այլև ներկայացնել հայկական մշակույթը միջազգային հանրությանը։

Leave a Comment