Եվրախորհրդարանի՝ ապրիլի 30-ին Հայաստանի մասին ընդունած նոր բանաձևը սրել է Բաքվի և Բրյուսելի հարաբերությունները։ Ադրբեջանը կոշտ արձագանք է տվել՝ կանչելով Եվրամիության դեսպանին ԱԳՆ, իսկ Միլի մեջլիսը հայտարարել է Եվրախորհրդարանի հետ կապերի խզման մասին։ Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթը առանձնանում է երկու առանցքային շեշտադրումներով՝ արցախահայության իրավունքներ և Բաքվում պահվող հայ գերիների հարցը։
Ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևը, որը ոչ միայն վերահաստատում է աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ուղուն, այլև անդրադառնում է տարածաշրջանային զգայուն խնդիրներին։ Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է.
«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, պետք է երաշխավորվեն»։
Եվրախորհրդարանը փաստաթղթում շեշտադրել է անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը ԼՂ, որը, ըստ բանաձևի, պետք է տեղի ունենա միջազգային երաշխիքների ներքո, նաև դատապարտել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային, կրոնական ժառանգության ոչնչացմանը։ Եվրոպական հեղինակավոր կառույցը դատապարտել է նաև հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջել նրանց ազատումը։
Այս ձևակերպումներին հետևել է Բաքվի կոշտ արձագանքը։ Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանձնել է բողոքի նոտա։ Պաշտոնական Բաքուն իր արտաքին քաղաքական գերատեսչության միջոցով հայտարարել է, թե բանաձևը պարունակում է, մեջբերում, «Ադրբեջանի նկատմամբ անհիմն և կողմնակալ դրույթներ», մեջբերման ավարտը։
Ադրբեջանը կրկնել է իր պնդումը, թե «հայ բնակիչները տարածաշրջանը լքել են կամավոր», և թե հակառակ հայտարարությունները «չեն համապատասխանում իրականությանը»։ Ռազմագերիների արձակման կոչերը Բաքուն իրավական տեսանկյունից անընդունելի է համարել։
Բանաձևը միջազգային լայն արձագանք է ստացել ու նաև դարձել Բաքվի որոշման պատճառը՝ կասեցնել խորհրդարանական համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարել է նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթաց սկսելու մասին։ Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է․
«Ցավոք, անցած 10 տարիները ցույց տվեցին, որ Եվրոպական խորհրդարանը մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ գործունեությունից։ Միլի Մեջլիսը փաստաթուղթ կընդունի Եվրոպական խորհրդարանի հակաադրբեջանական գործունեության կապակցությամբ»։
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը քաղաքական տարբեր արձագանքներ է գտել նաև հայկական քաղաքական դաշտում։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը այն դիտարկել է որպես կարևոր քաղաքական ազդակ։ Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, մասնավորապես, նշել է․
«Եվրոպական հանձնաժողովը պետք է գործի ըստ իր մանդատի՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելով իր հանցագործությունների համար»։
Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի արձագանքել։ Եվրախորհրդարանի բանաձևում տեղ գտած առանձին շեշտադրումների տարբերի առիթներով նախորդիվ անդրադարձել է Հայաստանի վարչապետը։ 2025-ի սեպտեմբերին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, պատասխանելով եվրոպացի պատվիրակի հարցին, Փաշինյանն անիրատեսական էր համարել արցախցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։
«Մարդիկ հարց են տալիս՝ ինչքանո՞վ է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում։ Եվ ընդհանրապես, փախստականների վերադարձի թեման այս համատեքստում՝ բոլոր փախստականների վերադարձի թեման, ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկտները, այդ թվում՝ Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է թվում է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի»։
Փաշինյանը ձևակերպել էր՝ անգամ եթե ոչ այնքան դիվանագիտորեն հնչի, այնուամենայնիվ, առաջիկա տասնամյակներում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար և կենտրոնանան տնտեսական գործակցություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։
«Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և որպես ՀՀ քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանի Հանրապետությունում։ Սա է մեր ռազմավարությունը»։
Եվրախորհրդարանում նախօրեին Հայաստանի վերաբերյալ մեկ այլ քննարկում ևս ծավալվել է։ Հնչել են կարևոր ազդակներ։ Եվրոպացի պատգամավորները խոսել են, իրենց ձևակերպմամբ, «բեկումնային պահի» մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը մտնում է Եվրամիության հետ հարաբերությունների նոր փուլ։ Սակայն այդ գործընթացը ուղեկցվում է նաև ռիսկերով։ Մասնավորապես, նշվել է ազատ և արդար ընտրությունների անցկացման և բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու կարևորությունը։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները կրկին շեշտել են, որ պատրաստ են աջակցել ապատեղեկատվության և արտաքին միջամտությունների դեմ պայքարին՝ նկատելով, որ օտարերկրյա միջամտությունը, մասնավորապես Ռուսաստանի կողմից, կառուցվածքային է և երկարաժամկետ։