Ֆրանսահայ Շարք Մը Ներկայացուցիչներ Հայաստանի Նոր Դեսպանատան Բացման Արարողութենէն Հեռու Պահելու Երեւանի Որոշումը Կը Քննադատուի

Ստորեւ կու տանք Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդին յայտարարութիւնը, ուր կը քննադատուի համայնքին շարք մը ներկայացուցիչները եւ Արցախի ներկայացուցիչը Հայաստանի դեսպանութեան նոր շէնքի բացման արարողութենէն հեռու պահելու Երեւանի որոշումը.

«Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդն իր դժգոհութիւնն է արտայայտում Ֆրանսայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցչական անձանց` խորհրդի համանախագահներ Արա Թորանեանին եւ Մուրատ Փափազեանին, Ֆրանսայի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրեանին եւ Ֆրանսայում Արցախի ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանին Փարիզում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան նոր շէնքի բացման արարողութեանը մասնակցութեան հնարաւորութիւնից զրկելու` Հայաստանի կառավարութեան որոշման վերաբերեալ:

Նման որոշումը մենք համարում ենք եւ որակում որպէս ցաւալի սխալ:

Դեսպանութիւնը ներկայացնում է հայկական պետութիւնը եւ, դրանից անդին, հայ ժողովրդին` իր ողջ բազմազանութեամբ: Այն ամբողջ ազգի ընդհանուր տունն է, այն վայրը, որտեղ Հայաստանը ներկայանում է իր ամբողջականութեամբ, բազմազանութեամբ եւ արժանապատուութեամբ` վեր կանգնելով պահի տարակարծութիւններից եւ կուսակցական հաշուարկներից:

Սահմանափակելով Ֆրանսիայի հայկական համայնքի ճանաչուած ներկայացուցիչների մուտքը` Հայաստանի կառավարութիւնը հեռանում է ազգի համախմբման իր կոչումից: Նման վարքագիծը տարակուսանք է առաջացնում:

Զրկել Արա Թորանեանին եւ Մուրատ Փափազեանին, անձիք, որոնց անունները անքակտելիօրէն կապուած են Ցեղասպանութեան յիշողութեան, ճանաչման եւ հայ ժողովրդի արժանապատուութեան պաշտպանութեանն ուղղուած տասնամեակների պայքարի հետ, նշանակում է սահմանափակ ընկալում ունենալ սփիւռքի իրական դերի հարցում: Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդը սովորական միաւորում չէ. այն Ֆրանսայի հայերի հիմնական ներկայացուցչական կառոյցներից մէկն է: Ժողովրդավարօրէն ընտրուած ղեկավարներին զրկելը նշանակում է զրկել սփիւռքի կազմակերպուած հատուածի զգալի մի մասի:

Զրկել Գրիգոր եպիսկոպոս Խաչատրեանին, նշանակում է խորապէս վիրաւորել Հայ առաքելական եկեղեցուն` բազմադարեան մի հաստատութեան, որն անցել է կոտորածների, ցեղասպանութեան եւ ազգի սփռման միջով եւ մինչ օրս մնում է մեր ժողովրդի կարեւոր հոգեւոր յենասիւն: Յիշեցնենք, ի դէպ, որ 1995-ից ի վեր Հայ առաքելական եկեղեցին ներկայիս շէնքն անվճար տրամադրում է Հայաստանի դեսպանութեանը:

Զրկել Ֆրանսայում Արցախի ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանին նշանակում է բացասական ուղերձ յղել Ֆրանսայի քաղաքական շրջանակներում հայրենի հողից վտարուած, գաղթի հարկադրուած եւ ամէն ինչից զրկուած 120.000 արցախահայերի իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած գործին: Այն ժամանակ, երբ Արցախի հարցը բաց վէրք է մնում համաշխարհային հայկական գիտակցութեան մէջ, այս քայլը ստանում է առանձնայատուկ ծանր հնչեղութիւն: Այն պահանջում է պարզաբանումներ:

Պատմութիւնը կը յիշի, որ Փարիզում իր դեսպանութեան նոր շէնքի բացման երեկոյին Հայաստանի կառավարութիւնը նախընտրել է բացառման տրամաբանութիւնը` համախմբման փոխարէն, ինչը չի կարող չառաջացնել խորը հիասթափութիւն: Նման կերպ չէ, որ ամրապնդում են պետութիւնը: Մենք յոյս ենք յայտնում, որ պարզաբանում կը տրուի ներկայ իրավիճակին` հիմնուած երկխօսութեան ոգու վրայ:

ՖՐԱՆՍԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Փարիզ, 28 ապրիլի 2026

Leave a Comment