Օրենսդրական նախաձեռնության նպատակը քրեական դատավարության արդյունավետության բարձրացումն է

Նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել պետության՝ արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող գործի քննության ողջամիտ ժամկետի ապահովման կոնվենցիոն պարտականության կատարումը, ինչպես նաեւ քրեական գործերի քննության տեւողության կանխատեսելիությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի ներկայացմամբ նախատեսվում է սահմանել դատաքննության հստակ ժամկետներ: «Մասնավորապես, նախատեսվում է, որ քրեական գործը պետք է քննվի 1 տարվա ընթացքում: Միաժամանակ, դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային գործողությունների ծավալը եւ քննության տեւողությունն անխուսափելիորեն երկարացնող հանգամանքները, կարող է պատճառաբանված որոշմամբ նշված ժամկետը երկարաձգել ոչ ավելի, քան 2 անգամ՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 1 տարի ժամկետով»,- ասել է Գեւորգ Քոչարյանը՝ հավելելով, որ նշված ժամկետի խախտման դեպքում դատավորը կենթարկվի կարգապահական պատասխանատվության: Առաջարկվում է քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու հնարավորություն նախատեսել նաեւ հիմնական դատալսումների փուլում: Սրանով կվերացվի գործող սահմանափակումը, համաձայն որի՝ նման որոշում կարող է կայացվել բացառապես նախնական դատալսումների ընթացքում:

Արդարադատության նախարարի տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող փոփոխությունների ու կարգավորումների վերաբերյալ:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Leave a Comment