ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի ափերի մոտ գտնվող Հաթերաս կղզում «տուն տեղափոխել» արտահայտությունն այլևս փոխաբերական չէ․ այստեղ բառացիորեն ամբողջ տներ են բարձրացնում հսկայական հենարանների վրա, դնում անիվների վրա և տեղափոխում ցամաքի խորքը՝ փրկելու օվկիանոսի «գերությունից»։ Վերջին ամիսներին Ատլանտյան օվկիանոսի ուժգին ալիքները կղզում արդեն ոչնչացրել են տասնյակ տներ։ Միայն սեպտեմբերից ի վեր 19 տուն է ավերվել։
Տեղացիների համար սա այլևս բնական աղետ չէ, այլ գոյության պայքար։ Կղզու բնակիչ Բարրի Քրամը, ով տարիներ շարունակ զբաղվել է շենքերի տեղափոխմամբ, այժմ դարձել է համայնքի «փրկարարը»։ Վերջին տարիներին իրավիճակը դարձել է սարսափեցնող․ եղել են օրեր, երբ ընդամենը 45 րոպեում հինգ տուն է փլուզվել ալիքների հարվածներից։ Տեղացիները պատմում են, որ նախ լսվում է ճաքի ձայն, հետո ամբողջ տունը փլվում է այնպես, կարծես ռումբ պայթեր։
Գիտնականները սա համարում են նախազգուշացում ոչ միայն Հաթերասի, այլև՝ ամբողջ ԱՄՆ արևելյան ափի համար։ Ծովի մակարդակի բարձրացումը, կլիմայական փոփոխությունները և ափամերձ էրոզիան արագացնում են ափերի նահանջը՝ ստիպելով համայնքներին ընտրել՝ պայքարե՞լ բնության դեմ, թե՞ աստիճանաբար նահանջել։
