Պաշտպանության նախարարի նախկին տեղակալին և ՊՆ վեց նախկին աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել

Ապրիլի 28-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել ՊՆ նախկին աշխատակիցների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ 

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Մեղադրանք է առաջադրբել այն բանի համար, որ մեղադրյալները զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ, պաշտպանության նախարարի 2008 թվականի մայիսի 07-ի թիվ 526 հրամանի համաձայն ի պաշտոնե հանդիսանալով ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամ’ խախտելով նույն նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 07-ին ընդունված թիվ 384-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի պահանջները, օժանդակել է նույն ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից պաշտոնեական լիազորությունների անցմանը, որն էական վնաս են պատճառել մի շարք անձանց իրավունքներին և օրինական շահերին:

Որպես մեղադրյալ ներգրավված անձինք

Էնրիկո Ալեքսանդրի Ապրիամով՝ զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը,

Մուրադ Ռոմանի Իսախանյան՝ զբաղեցրել է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի պաշտոնը,

Սեդրակ Գերասիմի Սեդրակյան՝ զբաղեցրել է ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի պաշտոնը,

Վարդան Մարտունի Ավետիսյանի՝ զբաղեցրել է ՀՀ ՊՆ ԱՀՏԱ վարչության պետի պաշտոնը,

Արսեն Վալերիի Պապյան՝ զբաղեցրել է ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության բնակարանային բաժնի պետի պաշտոնը,

Արա Սուրենի Նազարյան՝ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը,

Գործը դատարանում

Գործը քննվել է Քննչական կոմիտեում։ Դատարան ստացվելու օրը այն մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։ Վերջինիս կողմից գործը վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու որոշման վերաբերյալ տվյալներ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։

Խափանման միջոցները և մեղադրանքի հոդվածները

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի առաջին մասով։ Այն է՝

Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment