Երևանի ավագանու վերջին նիստում ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում այգի է հիմնանորոգելու, որի համար 30 միլիոն դրամ է հատկացվելու:
«Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոցի հարակից այգու բարեկարգմանը աջակցելու նպատակով, և այլն, և այլն, 30 միլիոն դրամ աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծ: Անշուշտ, ողջունելի է մայրաքաղաքի կողմից մեր մնացյալ համայնքներին աջակցությունը, բայց պատահական չի Ախուրյանը ընտրված։ Ես կարծում եմ՝ սա Երևան քաղաքի բյուջեից յուրօրինակ հարգանքի տուրք էր ախուրյանցի Անոյին։ Նենց որ՝ ապրի Երևանի քաղաքապետարանը, որ էս նախընտրական շրջանում ախուրյանցի Անոյի սիրտը շահելու համար 30 միլիոն դրամ փող ա տալիս», – ասաց Սուքիասյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամի այս քննադատությանը քաղաքային իշխանությունը չարձագանքեց: Թե ինչու են որոշել Երևանի տեղական բյուջեից բաժին հանել Ախուրյանին, «Ազատությանն» էլ չհաջողվեց պարզել, ավագանու իշխանական անդամները հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Իսկ ո՞վ է ախուրյանցի Անոն, որի սիրտը շահելու համար, ըստ Մանուկ Սուքիասյանի, այգի է հիմնանորոգվելու: Առաջին անգամ այս կնոջը հանրությունը տեսավ չորս տարի առաջ, երբ Արցախի Խծաբերդ գյուղում գերեվարված շիրակցիների հարազատները փակել էին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ու նրանց համակիրների ավտոերթի ճանապարհը: Կնոջ պահվածքը գրավեց բոլորի ուշադրությունը. նա պառկեց գետնին՝ փակելով ավտոերթի ճանապարհը:
Մեկ գերու ծնող, մեկ հարազատ ներկայացող կինը տեսախցիկների առջևից չէր հեռանում: Ընդ որում, հետո պարզվեց՝ ոչ գերու ծնող է, ոչ էլ՝ հարազատ:
Նիկոլ Փաշինյանի երկրպագու կինը անցած տարի կրկին իր մասին հիշեցրեց, երբ հայտարարեց, թե փոշմանել է ու այլևս Փաշինյանին չի ընտրի. – «Իսկ հմի ինչ կուզե էղնի, որ գան, … թե ««մեշոկմ փող տամ, Փաշինյան պտը ընտրես», ես Փաշինյան չեմ ընտրի, ես իմ էրածս ընտրությունից շատ եմ փոշմընել, շատ»:
Օրեր անց ներողություն խնդրեց Փաշինյանից ու պնդեց՝ բարձր ջերմության մեջ չի հասկացել, թե ինչ է ասել:
Ախուրյան համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանը Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի պնդումը անլուրջ է համարում ու չի մեկնաբանում:
«Երևի թե չկա մեկը, որ մտածի, թե կարող է ախուրյանցի Անոն կապ ունենա էդ համապատասխան գործընթացի հետ։ Անլուրջ եմ վերաբերվում», – «Ազատությանը» ասաց Մանուկյանը:
Նաև չի ընդունում մյուս պնդումը, թե օրեր առաջ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդի» համերգին ախուրյանցիների մասնակցության համար է համայնքը «պարգևատրվում»։
Համերգից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունն էր հայտարարել, որ «Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի գրասենյակը հրահանգել է ախուրյանցի մանկավարժներին ու մանկապարտեզների աշխատակիցներին մասնակցել համերգին:
«Էդ ենթադրյալ վարչական ռեսուրսի օգտագործումը եղել է, ըստ ձեզ, նախորդ շաբաթ, իսկ ես շեշտեցի, չէ՞, որ դիմել ենք քաղաքապետարանին երկու ամիս առաջ, երբ նախատեսված էլ չէր, որ պիտի համերգ տեղի ունենա Գյումրիում: Իսկ ինչը վերաբերվում է վարչական ռեսուրս օգտագործելուն, վստահ կարող եմ ասել, որ նման բան չկա, չի եղել և չի էլ լինի», – հավաստիացրեց Ախուրյանի համայնքապետը:
Ասում է՝ քանի որ նախկինում նախադեպ է եղել, երբ Երևանի քաղաքապետարանը այլ համայնքներում ևս ծրագրեր է իրականացրել, որոշել է դիմել, ու այն մեկ շաբաթ առաջ ավագանու նիստում հաստատվել է. – «Նպատակը եղել է որպես բարեկամության, որպես գործընկեր համայնքների՝ համատեղ այգի հիմնելու, վերականգնելու համար, և դիմումը, ինչպես արդեն հայտնի է, ավագանու նիստով քննարկվել է, հաստատվել է։ Այգին գոյություն ունեցող է նախկինից, ուղղակի շատ հնամաշ վիճակում է։ Էդ այգին ենք վերականգնելու, և լինելու է, էսպես ասած, Բարեկամության այգի՝ Ախուրյան-Երևան, հա»։
Սուբվենցիոն ծրագրով նորոգվող Ջրաշինարարների փողոցի սկզբնամասում է գտնվում փոքրիկ այգին: 30 մլն դրամով ի՞նչ աշխատանքներ են իրականացնելու:
«Շատրվաններն ենք վերականգնելու, նաև բարեկարգելու ենք ամբողջ տարածքը, շենքի հարակից մայթերը, ընդհանուր ստանալու ենք նոր տարածք», – ասաց Զավեն Մանուկյանը:
Քանի որ գումարի հատկացումը հաստատվել է, առաջիկայում կմեկնարկեն նաև նախագծման աշխատանքները, հետո էլ՝ այգու հիմնանորոգումը։
33 համայնք միավորող Ախուրյանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը իշխանության եկավ 2021-ի տեղական ընտրություններից մեկուկես տարի անց, երբ կարողացավ այլ խմբակցություններից իր կողմը ավագանու անդամների գրավել ու մեծամասնություն դառնալ: Ընտրություններում, մինչդեռ, հաղթել էր Դաշնակցության թեկնածուն, որը հրաժարական տվեց: