Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված՝ «Հանրային տեղեկությունների բացահայտման կարգը և շրջանակը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է պետական տեղեկատվական համակարգերի զարգացմամբ և հանրային տեղեկատվության հասանելիության ու թափանցիկության ապահովման անհրաժեշտությամբ։
Առաջարկվող կարգավորումները՝
Նախագծով նախատեսվում է սահմանել հանրային տեղեկությունների բացահայտման միասնական կարգ և շրջանակ, որի համաձայն կսահմանվի պարտադիր բացահայտման ենթակա տեղեկությունների ցանկ՝ ներառելով պետական մարմինների գործունեությանը, բյուջեներին, գնումներին, անձնակազմին և ծառայություններին վերաբերող տվյալներ։
Կսահմանվեն տեղեկությունների բացահայտման մեթոդները՝ կախված դրանց բնույթից և հրատապությունից, կսահմանվեն պահանջներ բացահայտվող տեղեկատվության արժանահավատության և արդիականության ապահովման համար, կվերացվեն տարբեր մարմինների կողմից տեղեկությունների բացահայտման ոչ միասնական մոտեցումները։
Նախաձեռնությունը բխում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքից և ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ հաստատված օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրից, որով նախատեսված է հանրային տեղեկատվության բացահայտման համակարգի բարեփոխումը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային տեղեկատվության հասանելիության ավելի արդյունավետ մեխանիզմներ. բարձրացնել պետական կառավարման համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ստեղծել տեղեկությունների բացահայտման միասնական և կանխատեսելի կարգավորում, նպաստել տեղեկատվության ազատության իրավունքի արդյունավետ իրացմանը։
Հանրային տեղեկությունների բացահայտման կարգը և շրջանակը սահմանվում է ըստ ստորև բերված հավելվածի:
ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1. ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
- Սույն կարգով սահմանվում է տեղեկատվություն տնօրինողների կողմից հանրային տեղեկությունների բացահայտման կարգը և բացահայտման ենթակա տեղեկությունների շրջանակը, որով ապահովվում է հասանելիություն հանրային տեղեկություններին՝ առանց հանրային տեղեկություն պահանջող անձի կողմից հարցում կատարելու: Բացահայտված հանրային տեղեկությունները կարող են օգտագործվել իրավաբանական և ֆիզիկական աձանց կողմից բազմակի՝ օրենքով չարգելված ցանկացած նպատակի համար։
- Տեղեկություն տնօրինողը պարտավոր է բացահայտել իր գործունեությանը վերաբերող հետևյալտեղեկությունները՝
- 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր տնտեսական վիճակագրություն և տնտեսական կանխատեսումներ,
- 2) հանցագործությունների և իրավախախտումների ընդհանուր վիճակագրություն,
- 3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ստորաբաժանումների կանոնադրություններ,
- 4) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող դիմումների և այլ փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման ուղեցույցները,
- 5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքային նկարագրությունները,
- 6) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմը և այդ մարմիններում սահմանված պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների անուն-ազգանունները, կրթությունը և մասնագիտությունները, հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները,
- 7) տվյալներ մարդու կյանքին, առողջությանը և գույքին սպառնացող վտանգի մասին,
- 8) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության և նրանց խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություններ,
- 9) հանրային իրավունքի իրավաբանական անձանց խորհրդի և կառավարման խորհրդի անդամների անուն ազգանունները և էլեկտրոնային փոստի հասցեները,
- 10) հանրային իրավունքի իրավաբանական անձանց գործունեության հաշվետվությունները և եկամուտների ու ծախսերի հաշվետվությունները,
- 11) պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների նախագծերը և բյուջեները, ինչպես նաև դրանց կատարման հաշվետվությունները,
- 12) պետական բյուջեի եկամուտների ստացման վերաբերյալ տվյալներ,
- 13) շրջակա միջավայրի վիճակի, շրջակա միջավայրի վնասի և շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցությունների վերաբերյալ տվյալներ,
- 14) պետական կամ ծառայողական վերահսկողության դրույթները կամ որոշումները՝ դրանց ուժի մեջ մտնելու պահից,
- 15) մրցակցային վերահսկողության շրջանակներում կայացված և ուժի մեջ մտած որոշում, որը հաստատում է արգելված արարքի կատարումը, պարտավորեցնում է դադարեցնել կամ հաստատում է պարտավորության ընդունումը,
- 16) նախարարությունների կողմից պատրաստված՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության իրավական ակտերի և կանոնակարգերի նախագծերը՝ հիմնավորումներով, հաստատման և Կառավարություն ներկայացնելու պահից,
- 17) նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կանոնակարգերի նախագծերը՝ հիմնավորումներով, ընդունման ներկայացնելուց առաջ,
- 18) հայեցակարգերի, զարգացման ծրագրերի և այլ ընդհանուր նշանակության նախագծերը՝ իրավասու մարմիններին հաստատման ներկայացնելուց առաջ, ինչպես նաև համապատասխան հաստատված կամ ընդունված փաստաթղթերը,
- 19) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից պատվիրված ուսումնասիրություններ և վերլուծություններ,
- 20) տվյալներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում թափուր աշխատատեղերի վերաբերյալ,
- 21) տվյալներ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացված և ավարտված պետական գնումների վերաբերյալ,
- 22) տվյալներ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից պետության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կամ նրանց մասնակցությամբ ստեղծված մասնավոր իրավաբանական անձանց փոխանցված գույքի և բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ,
- 23) հանրային միջոցառումների ծրագրեր,
- 24) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի և խնդիրների փոփոխությունները, որոնք կապված են անհատներին սպասարկելու հետ, փոփոխությունների իրականացումից առնվազն տասը օր առաջ,
- 25) տեղեկություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընդունելության ժամերի վերաբերյալ,
- 26) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում գործող աշխատավարձի դրույքաչափերը և ուղեցույցները, հավելավճարների վճարման և հատուկ արտոնությունների տրամադրման կարգը,
- 27) շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող, հատուկ կամ բացառիկ իրավունքներ կամ բնական մենաշնորհներ ունեցող ընկերությունների գնագոյացման վերաբերյալ տվյալներ,
- 28) հանրային ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանների և գների փոփոխությունների վերաբերյալ տվյալներ՝ նման փոփոխությունների իրականացումից առաջ,
- 29) քաղաքական կուսակցությունների անդամների ցուցակներ,
- 30) ուժի մեջ մտած դատական որոշումներ՝ օրենքից բխող սահմանափակումներով,
- 31) տվյալների բազաներում պարունակվող տվյալներ, որոնց համար մուտքի սահմանափակումներ չեն սահմանվել,
- 32) հաստատության փաստաթղթերի գրանցամատյանը,
- 33) անձնական տվյալների մշակման նպատակը, շրջանակը և մեթոդը, անձնական տվյալները երրորդ կողմերին, այդ թվում՝ այլ հաստատություններին փոխանցելու և հանրությանը հասանելի դարձնելու, ինչպես նաև անձի կողմից իր սեփական տվյալներին մուտք գործելու իրավունքն ու կարգը,
- 34) բացահայտման ենթակա բաց տվյալներ, բաց տվյալների առկայության վերաբերյալ տեղեկատվություն և, անհրաժեշտության դեպքում, լիցենզիաներ,
- 35) այլ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնց բացահայտման պարտավորությունը նախատեսված է միջազգային պայմանագրով, օրենքով կամ դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերով, կամ որոնք տեղեկատվություն տնօրինողն անհրաժեշտ է համարում բացահայտել:
- Բացահայտման ենթակա տեղեկությունը բացահայտում է տեղեկատվություն տնօրինողը՝ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածում սահմանված կայքէջում (այսուհետ՝ կայքէջ), կամ նշված կայքէջում տեղադրում է հղում, որի միջոցով հնարավոր է բաց տեղեկությանը ստանալ հասանելիություն:
- Բացահայտման ենթակա տեղեկությունները կարող են բացահայտվել նաև՝
- 1) հեռուստատեսությամբ կամ ռադիոյի կամ տպագիր մամուլի միջոցով,
- 2) թղթային կրիչով հանրային տեղեկությունըպետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ հանրային գրադարանում ընդհանուր տեսանելի վայրում ցուցադրելով,
- 3) պաշտոնական հրատարակությամբ,
- 4) օրենքով կամ դրա հիման վրա ընդունված օրենսդրությամբ սահմանված այլ եղանակով:
ԳԼՈՒԽ 2. ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
- Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է անհապաղ բացահայտել մարդկանց կյանքին, առողջությանը կամ գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի մասին տեղեկությունը՝ ընտրելով սպառնալիքից խուսափելու և հնարավոր հետևանքները մեղմելու ամենաարագ և ամենահարմար մեթոդը:
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են լրատվամիջոցների ծառայություններ մատուցողներին կամ տպագիր մամուլին հրապարակման համար ուղարկել իրենց տիրապետության տակ գտնվող տեղեկություն այն իրադարձությունների և փաստերի մասին, որոնցում ենթադրվում է հանրային շահ: