Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական անվտանգության ոլորտում իրավական կարգավորումների արդիականացման անհրաժեշտությամբ՝ մասնավորապես «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո առաջացած իրավական բացերի լրացմամբ։
Առաջարկվող փոփոխությունները
Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1048-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ, որոնցով հեռացվում են այն դրույթները, որոնք գործառույթներ էին վերապահում լուծարված «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Նշված գործառույթները վերապահվում են տեխնիկական անվտանգության ոլորտում համապատասխան ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին՝ օրենքի պահանջներին համապատասխան։ Որոշման մեջ առկա՝ ուժը կորցրած ճանաչված իրավական ակտերին հղումները փոխարինվում են գործող իրավական ակտերով։
Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված օրենսդրական փոփոխություններից, որոնց արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել համապատասխան հոդվածը և 2025 թվականի նոյեմբերի 1-ից լուծարվել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել տեխնիկական անվտանգության ոլորտում գործառույթներ իրականացնող սուբյեկտների շրջանակը, ապահովել գործող օրենսդրության պահանջների լիարժեք կիրարկումը, վերացնել իրավական ակտում առկա հնացած և ուժը կորցրած նորմերին հղումները։
Նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն։
Կատարվելիք լրացումները
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Ամբարձիչ կռունկների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» N 1048-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 4-րդ կետում §Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2390-Ն որոշմամբ հաստատված¦ բառերը փոխարինել §Մաքսային միության հանձնաժողովի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 823 որոշմամբ հաստատված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի¦ բառերով.
Այսպիսով՝ Ամբարձիչ կռունկների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները (այսուհետ` Կանոն) սահմանում են տեխնիկական անվտանգության պահանջներ` ամբարձիչ կռունկների պատրաստման, բեռնաբռնիչ սարքերի, ինչպես նաև ամբարձիչ մեխանիզմների, հարմարանքների ու տարաների կառուցվածքի, դրանց տեղակայման, նորոգման ու շահագործման համար:
2. Սույն Կանոնի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող հետևյալ տեսակի ամբարձիչ կռունկների վրա.
- 1) բոլոր տեսակի ամբարձիչ կռունկների վրա` ներառյալ մանիպուլյատոր կռունկների,
- 2) կռունկ-էքսկավատորների վրա, որոնք նախատեսված են միայն կեռով, գրեյֆերով կամ մագնիսով աշխատելու համար,
- 3) էլեկտրական բեռնասայլակների վրա, որոնք կառավարման խցիկի հետ միաժամանակ տեղաշարժվում են վերգետնյա ռելսուղիներով,
- 4) էլեկտրական և ձեռքի բազմաճախարակների ու կարապիկների վրա, որոնք նախատեսված են բեռներ կամ մարդկանց բարձրացնելու համար,
- 5) հանովի բեռնաբռնիչ սարքերի վրա (կեռերեր, գրեյֆերներ, ամբարձիչ էլեկտրամագնիսներ),
- 6) հանովի բեռնաբռնիչ հարմարանքների վրա (առասաններ, բռնիչներ, հեծաններ),
- 7) կրող տարաների վրա` բացառությամբ հատուկ տարաներից, որոնք կիրառվում են մետալուրգիական արտադրության մեջ (շերեփներ, մուլդեր, կոճղակ-կաղապարներ):
Սույն Կանոնի 2-րդ կետով նախատեսված արտադրատեսակները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության Մաքսային միության հանձնաժողովի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 823 որոշմամբ հաստատված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
2) 245-րդ կետում «2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն» բառերը փոխարինել «2023 թվականի ապրիլի 21-ի N 592-Ն» բառերով.
Ամբարձիչ կռունկների էլեկտրասարքավորումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարութան 2023 թվականի ապրիլի 21-ի N 592-Ն որոշմամբ հաստատված պահանջներին։
3) 351-րդ կետում՝
ա. ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին համապատասխան» բառերը փոխարինել ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխան տեխնիկական անվտանգության ոլորտում համապատասխան ծառայություն մատուցող ցանկացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից» բառերով.
բ. «3 տարին մեկ անգամ:» բառերից հետո լրացնել «Գիտելիքների ստուգման արդյունքում ստուգումն իրականացրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրվում է որակավորումը հաստատող վկայական:» բառերը.
Ամբարձիչ կռունկների շահագործման և սպասարկման գործառույթներում ընդգրկված ինժեներատեխնիկական մասնագետ կադրերի ուսուցումը և որակավորումն իրականացվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխան տեխնիկական անվտանգության ոլորտում համապատասխան ծառայություն մատուցող ցանկացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
Կռունկավարների, կռունկներ սպասարկող էլեկտրիկների, փականագործների, առասանողների, ազդանշանորդների գիտելիքների պարբերական ստուգումը պետք է կատարվի 12 ամիսը մեկ, իսկ ամբարձիչ կռունկների պատասխանատու ինժեներատեխնիկական անձնակազմի (վերահսկող, սարքին վիճակի և անվտանգ շահագործման պատասխանատու անձանց) գիտելիքների ստուգումը՝ 3 տարին մեկ անգամ: Գիտելիքների ստուգման արդյունքում ստուգումն իրականացրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրվում է որակավորումը հաստատող վկայական:
4) 352-րդ կետում «Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես» բառերը հանել:
Ամբարձիչ կռունկների, հանովի բեռնաբռնիչ սարքերի, էլեկտրական և այլ սարքավորումների, մեխանիզմների, ինչպես նաև ենթակռունկային ռելսուղիների սարքին վիճակն ու անվտանգ շահագործումը կազմակերպելու և ապահովելու նպատակով պետք է իրականացվեն համապատասխան տեխնիկական անվտանգության փորձաքննություններ, տեխնիկական զննումներ, դիագնոստիկա և փորձարկումներ: Սույն կետով սահմանված գործառույթները «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով կարող են իրականացնել ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: