Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի N95-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված նախագծի ընդունումը միտված է կարգավորելու մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունները՝ ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման և սպասարկման գործընթացի հստակեցման միջոցով։
Առաջարկվող փոփոխությունները
Նախագծով նախատեսվում է բնական գազի մատակարարման և օգտագործման գործող կանոններում կատարել փոփոխություն, ըստ որի՝ ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման պարտավորությունը կվերապահվի մատակարարին՝ ներկայում գործող կարգավորումից տարբեր, որտեղ այդ ծախսը կրում է բաժանորդը։
Մատակարարի համար սահմանվում է պարտավորություն՝ մինչև 2040 թվականը, Հանձնաժողովի հետ համաձայնեցված ժամանակացույցով, փուլային եղանակով փոխարինել ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերը։
Փոփոխությունը տարածվում է նաև առևտրային հաշվառքի սարքերի հետ կապված տեխնիկական միջոցների, այդ թվում՝ էլեկտրոնային ճշտիչների վրա։
Նշվում է, որ գործող կարգավորման պայմաններում ոչ կենցաղային բաժանորդների հաշվառքի սարքերը հիմնականում տեղադրվում են նրանց սեփականության տարածքներում, ինչը գործնականում առաջացնում է խնդիրներ մատակարարի կողմից սպասարկման աշխատանքներ իրականացնելու ընթացքում։ Արդյունքում հաճախ առաջանում են վեճեր բաժանորդների և մատակարարի միջև, և Հանձնաժողով ներկայացվում են բազմաթիվ բողոքներ։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝
- հստակեցնել մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունները.
- նվազեցնել կամ բացառել հաշվառքի սարքերի սպասարկման գործընթացում առաջացող հակասությունները.
- ոչ կենցաղային բաժանորդներին ազատել հաշվառքի սարքերի ձեռքբերման ֆինանսական բեռից։
Նախագիծը մշակվել է Հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ անցկացված քննարկումների արդյունքները։